Չատեստավորված ուսուցիչները հետագայում չեն աշխատի դպրոցում․ կրթօջախ մտնող մասնագետը որակ պետք է ապահովի
Հայաստանում 30 ուսուցիչ 400 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում։ Ընդհանուր առմամբ կա 1565 կամավոր ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումը շարունակական է լինելու։ Դպրոց մտնող ուսուցչի պարտականությունն է ապահովել որակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շեշտել, որ ինչ-որ պահից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։ Կամավոր ատեստավորման գործընթացն արդեն ռելսերի վրա է, վստահ են ԿԳՄՍ–ից։ Թվերը ցույց են տալիս, որ համակարգի նկատմամբ ուսուցիչների շրջանում հետաքրքրվածությունը մեծ է։ Սակայն կրթության փորձագետների համար սա կրթության որակի բարձրացման ճիշտ ճանապարհ չէ։
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը ԿԳՄՍ նախարարության կրթության բարեփոխումների շրջանակներում առաջարկող ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը բարեհաջող է գնահատում։ Սա կնպաստի հանրակթության որակի բարձրացմանը, վստահ է։ Համակարգը դեռ շտկելու տեղ ունի, ասում է ուսուցիչը։ Առաջարկում է՝ ուսուցիչների ատեստավորման քննական տոմսերում կատարել որոշակի փոփոխություններ․
«Տոմսի կառուցվածքն այնպիսին պետք է լինի, որ գնահատականները դիֆերենցվեն։ 60 միավոր ստացողին պետք է հեշտ լինի, տոմսը դա թույլ տա իրեն անել։ 60-70 պետք է լինի ավելի բարդացված թեմատիկ տեսակետով։ Եվ հետո՝ դասատուն պետք է ավելի շատ իմանա, քան այն թեման, որն ինքը դաս է տալիս»։
Գոհար Բալեյանը թիվ 190 ավագ դպրոցի ուսուցչուհի է։ Նա կամավոր ատեստավորում է անցել և գոհ է գործընթացից։ Համակարգի նկատմամբ գոհունակությունն ավելի է ամրապնդվել երկրորդ տարվա կամավոր ատեստացիայից հետո։ Թեստերի հետ կապված բոլոր դիտարկումները հաշվի են առնվել, ասում է․
«Առաջին տարում ուսուցիչներն ասում էին, որ այն նյութը, որն ընդգրկված է, դրա հետ նրանք չեն առնչվում։ Երկրորդ տարում արդեն կային հարցեր, որոնք ավելի շատ իրենց դասագրքերից են եղել։ Ավելի քիչ էին այդ երկվությունները»։
Այս տարի կամավոր ատեստավորման համար 3600 ուսուցիչ է դիմել։ Հայտադիմումների ընդունման ժամկետը նախարարությունը երկարացրել է մինչև հուլիսի 15–ը։ Ակնկալվում է, որ այս թիվն ավելանալու է, ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Աննա Խաչատրյանն ու նշում՝ նախորդ տարիների համեմատ, այս տարվա ցուցանիշերն արդեն դիմելիության ակտիվության մասին են խոսում․
«2021 թվականին ունեցել ենք 1372 դիմող ուսուցիչ, որից 475–ը ստանում է հավելավճար։ 2022 –ին 3883 ուսուցիչ, որից 1090 ը ստանում է հավելավճար»։
Եթե նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը վերաբերում էր 5–12–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին, ապա այս տարվանից համակարգից կարող են օգտվել բոլոր դասարաններում դասավանդող ուսուցիչները, ինչպես նաև դասվարները, ասում է ոլորտի ներկայացուցիչը։ Սակայն կրթության ոլորտում փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ Կամավոր ատեստավորման գործընթացից կարող են օգտվել ոչ միայն հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչները, այլև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները, ֆիզարձակուրդում գտնվող ուսուցիչներն ու նաև դպրոցում աշխատելու փորձառություն չունեցող ուսուցիչները․
«Եթե նրանք ունեն ուսուցչին համապատասխան որակավորում, նույնպես կարող են դիմել և մասնակցել գործընթացին, իսկ հավելավճարները կգործեն մուտք գործելու օրվանից»։
Միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները, որոնց գործունեության ժամկետը մինչև օգոստոսի 20–ն է, կարող են դիմել կամավոր ատեստավորման և շարունակել իրենց գործունեությունը դպրոցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ–ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստոմ արձանագրել է, որ կամավոր ատեստավորում են անցել ուսուցիչների ընդհանուր թվի 5,5 տոկոսը միայն։ Ուսուցիչների 94,5 տոկոսը դեռևս չի ատեստավորվել։ Գործընթացը շարունակական է լինելու, հնարավորությունից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, ասել է վարչապետը․
«Բայց նաև պետք է արձանագրենք, որ ինչ-որ պահից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։ Կամավոր ատեստավորման գործընթացը էականորեն ավելացնում է մանկավարժի մասնագիտության նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունը, որովհետև, եթե նախկինում մարդը պետք է որոշեր ուսուցիչ դառնալ, իմանալով, որ 150-200 հազար դրամ աշխատավարձը այն առավելագույնն է, որ ինքը կարող է ստանալ, դա ուրիշ իրավիճակ է, երբ հիմա գիտեն, որ կարող են 400 հազար դրամ և ավել աշխատավարձ ստանալ, լրիվ այլ իրավիճակ է»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, չի կարծում, որ այս քայլերով հնարավոր կլինի կրթության որակ ապահովել։ Կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականն ատեստավորել ուսուցիչների մոտ 80 տոկոսը։ Ըստ փորձագետի՝ այստեղ հաշվարկված չեն բազմաթիվ գործոններ։ Առաջինը, որ վերջին տարիների մանկավարժական կրթության որակն է իջել։ Ընդունելության քննությունը կառուցված է եղել այն տարմաբանությամբ, որ մանկավարժական բուհեր ընդունվել են ցածր գնահատականներով, այլ պետական բուհեր չընդունված դիմորդներ․
«Դպրոցական կրթության որակն էլ է ցածր եղել։ Վերջին տարիներին դպրոց մտած ուսուցիչների զգալի մասի գիտելիքների մակարդակը եղել է ցածր։ Նրանց մեծ մասը 7-8 միավորներով ընդունվել են, այդպես էլ սովորել են։ Եվ հիմա այդ մարդկանցից պահանջել գերազանցություն, կարծում եմ ռեալ չէ։ Եվ սա բերելու է խնդիրների, այլ ոչ թե կրթության որակի բարձրացման։ Կարող է բերել նրան, որ ունենանք ուսուցիչների արտահոսք դպրոցներից»։
ԿԳՄՍ–ն վստահ է, որ դպրոց մտնող ուսոցիչը պետք է որակ ապահովի։ Պետությունը դա խրախուսում է՝ 120-150 հազար դրամ աշխատավարձը բարձրացնելով մինչև 400-450 հազար։