ԿարևորՀասարակություն

Խոհանոցային դիվանագիտություն, խուզողների մրցույթ, ընթրիք միջնադարյան ընտանիքի հետ․ փառատոնային Հայաստան

Խոհանոցային դիվանագիտություն, խուզողների մրցույթ, ընթրիք միջնադարյան Օրբելյանների ընտանիքի հետ․ այս ամենը մերօրյա իրականություն է, տեղի է ունենալու Հայաստանում։ Երկրի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու համար մասնագիտական համայնքն ակտիվորեն զբաղվում է փառատոնային մշակույթի ձևավորմամբ ու զարգացմամբ։ Այս ոլորտը Հայաստանում բարձր ակտիվության էր հասել նախակորոնավիրուսյան 2019 թվականին։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշում է՝ այդ ցուցանիշները գերազանցվել են․

«Առաջին 4 ամսվա ընթացքում ունեցել ենք 630 հազար զբոսաշրջիկ, որը 2019-ից 35 տոկոսով ավելի է։ Գալիս են Ռուսաստանից՝ 52 տոկոսը, Վրաստանից, Իրանից և նաև Դուբայից բավականին աճ ենք տեսնում դեպի Հայաստան։ Ապրիլ ամիսն ունեցել ենք 180 000 զբոսաշրջիկ»։

Այժմ Երևանում գտնվող հայաստանցիներին և զբոսաշրջիկներին մարզեր ուղղորդելու կարիք կա, ինչն անելու համար Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին կազմակերպում է «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը: Մարզերից 150-ից ավելի ներկայացուցիչ ներկայացնելու է 500-ից ավելի արտադրանք։

«Ներքին զբոսաշրջության առումով ուզում ենք հետաքրքրություն ստեղծել, որ նրանք, որ Երևանում են, գնան դեպի մարզեր։ Ուզում ենք իրենց համար էլ հետաքրքրություն ստեղծել, տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասում մարզերում և ինչ կարող են բացահայտել, եթե ճամփորդեն դեպի մարզեր»։

Այս տարի Զբոսաշրջության կոմիտեն 15-ից ավելի փառատոնի ֆինանսավորում է տրամադրել։ Դրանցից մեկը՝ «Միմինո», ֆիլմի թեմատիկայով հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը տեղի է ունենալու հունիսի 17-ին՝ Դիլիջանում։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը սրան «խոհանոցային դիվանագիտություն» որակումն է տալիս։

«Նպատակ կար մի հարթակ ստեղծել, որը հնարավորություն կտա երկխոսելու մշակութային ժառանգության մասով մեր հարևանների, մասնավորապես՝ վրացիների հետ։ Մրցույթ է լինելու, երկկողմանի ժյուրիի թիւ կձևավորվորվի, հայկական կողմը կգնահատի վրացի խոհարարների պատրաստածը, վրացիներինը՝ հայկական կողմինը»։

Հայաստանում անցկացվելիք փառատոնը նվիրվելու է վրացի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեի հիշատակին։ Հաջորդիվ այս փառատոնը կանցկացնի վրացական կողմը՝ Թելավիում և այն կնվիրի հայ դերասան, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանին:

«Մարդիկ ամենաուշը մոռանում են քիմքի արձանագրած զգացողությունը․ սա կենսաբանական երևույթ է, և խոհանոցը այն եզակի կամ մի քանի զբոսաշրջային արդյունքներից է, որը նույն մարդուն կարող է մի քանի անգամ հրավերել երկիր»։

Խոհանոցային փառատոներ Հայաստանում շատ կան, կազմակերպիչները վստահեցնում են՝ դրանք շարունակելու են իրականացվել։ Զբոսաշրջային թռիչքի ակնկալիքով զուգահեռաբար երևակայության թռիչքն են գործի դնում՝ նոր փառատոներ ստեղծելու նպատակով։ Այսպես, օրինակ, հունիսի 24-25-ին հրավիրում են Տաթև՝ պատմական փառատոնի։ Մանրամասնում է «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանը․

«Լինելու է Սյունիքի պատմության և լեգենդների մասին փառատոն Տաթևի վանական համալիրի մոտ, «Տաթևեր» ճոխանուղու Հալիձոր և Տաթև կայանների մոտ, նաև Որոտան կիրճում գտնվող Հին Հալիձոր լքված գյուղում։ Նախատեսվում է բեմադրություններ, ընթրիք-բեմադրություն միջնադարյան Օրբելյանների ազնվական ընտանիքների հետ»։

Եռամյա դադարից հետո զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են նաև ոչխարի խուզման փառատոնին։ Փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը տեղեկացնում է՝ նախորդ տարիներին այս միջոցառումը Սյունիք է տարել ավելի քան 4000 զբոսաշրջիկի, 30 տոկոսից ավելին՝ օտարերկրացիներ։ Ասում է՝ նրանց մեծ մասը առնվազն 1 օր մնացել է Սյունիքում․

«Նախորդ տարիներին մենք հրավիրել ենք խուզ անող միջազգային էքսպերտներ, 2018-ին՝ Մեծ Բրիտանյայից, 19-ին՝ Նոր Զելանդյայից, որոնք տեղում ցուցադրեցին մաստեր կլաս թե ինչպես կարելի է անել խուզ առանց ոչխարներին վնասելու։ Այս տարի Հայաստանի բոլոր մարզերից ներգրավել ենք 12 պրոֆեսիոնալ խուզ անողներ, որոնք այդ օրը երեք փուլով մրցելու են, ցուցադրելու են իրենց հմտությունը, թե ինչպես կարող են մկրատով խուզել կենդանիներին հնարավորինս արագ, առանց վնասելու, իսկ վերջում ժյուրին գնահատելու է նրանց աշխատանքը, իսկ ժյուրիի կազմում լինելու է համայնքապետարանի, մարզպետարանների ներկայացուցիչներ, ագրարային համալսարանից մասնագետներ, պրոֆեսիոնալ անասնաբույժներ»։

Փառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 10-ին՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում։ «Ռադիոլուր»-ի հարցին, թե արդեն 7-րդ անգամ փառատոնային միջոցառում դարձած ոչխարի խուզը որքանով է համարվում ավանդական մշակույթի մաս, ազգային ծես, փառատոնի համակարգողը հետևյալ պատասխանը տվեց․

«Փորձ չի արվում արմատավորել որպես ազգային ծես, սա ուղղակի մեր գյուղատնտեսության ինչ–որ մի բաղադրիչը կազմող մասի ցուցադրություն է, բայց ոչ ազգային ծես։ Փառատոնը ունի նպատակ նպաստելու Սյունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը, զբոսաշրջային հոսքեր ուղղորդել դեպի Սյունիքի մարզ, օգնել տեղի համայնքին, որ ակտիվորեն ներգրավված են փառատոնի ամբողջ ընթացքում, ներկայացնել իրենց արտադրանքը»։

Սակայն Սեդրակ Մամուլյանն այս հարցի շուրջ հավելում ունի, ասում է՝ սա հենց ազգային ծես է, որ կա։

«Նախկինում բոլոր գյուղերում համարյա բոլորի ընտանիքնորում կար գորգագործության գործիքը։ Գորգը ազգային մշակո՞ւյթ է, ազգային արվե՞ստ է, թե՞ չէ։ Իսկ գորգը ինչի՞ց է պատրաստվում, բրդից չի՞ պատրաստվում։ Սա արվեստ է։ Անտեսելով ոչխարաբուծությունը, անտեսելով բրդի նշանակությունը, ամեն ինչը մենք եկանք այն հանգվանին, որ հիմա շատը քիչ մարդիկ են տրապետում գորգագործությանը, իսկ նախկինում աղջիկը ինքն իր համար գործում էր իր օժիտի կարպետը։ Հիմա որ ասեմ՝ աղջիկները կասեն՝ էդ էր մնացել պակաս, չհասկացա։ Այ դա ծիսակարգ է, այո»։

Ծիսակարգային այս փառատոնի օրակարգում մրցույթից բացի համերգ, «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների ցուցադրություն, «բրդից մինչև կարպետ» գործընթացի ներկայացում, ցուցահանդես-տոնավաճառ ու մրցույթներ են նախատեսված։

Back to top button