ԿարևորՔաղաքական

Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին»,- նշել է ANCA-ի Ազգային խորհրդի անդամ Զանկու Արմենյանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում այս համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար

Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:

Արիզոնայի հայ համայնքի ղեկավարներ Արթուր Արթենյանը և Վարդան Արաբյանը, աշխատելով ANCA-ի հետ, գլխավորել են օրենսդրական ջանքերը: Հռչակագրում Արցախը նշվում է որպես «հայ ժողովրդի բնիկ հայրենիք, որը մի քանի հազարամյակ եղել է հայ մշակութային, քաղաքական և կրոնական կյանքի կենտրոն»:

Հռչակագիրը ողջունում է Արցախի հայության «ինքնորոշման իրավունքն իրացնելու և բռնությունից ու բռնաճնշումներից զերծ ապրելու ջանքերը», և նշում, որ «ճանաչելով Արցախի իշխանությունը՝ միջազգային հանրությունը կարող է օգնել հանգուցալուծել այս դարավոր հակամարտությունը»։

Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թոման այնուհետև հաստատում է աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և նրա շարունակական ջանքերին՝ զարգանալու որպես ազատ և անկախ ազգ, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը. Եվ ավելին, ես քաջալերում եմ Միացյալ Նահանգների կառավարությանը ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերությունները Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել նպաստել տարածաշրջանի մարդասիրական և տնտեսական վերականգնմանը»:

Back to top button