ԿարևորՀասարակություն

Պարեկ դառնալու համար ՆԳ նախարարություն է դիմել 532 կին

Պարեկային ծառայությունում կանանց ընդունելության համար նախագրանցված դիմորդների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացնում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության շտաբի ներկայացուցիչները։

ՆԳ նախարարությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավումը խթանելու նպատակով իրականացրել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց, որի արդյունքում ստացվել էր 532 հայտ։

Խոսելով այս ձևաչափով իրականացվող թիրախային քննարկումների մասին, Արփինե Սարգսյանը կարևորեց հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել պարեկային ծառայությունում կին դիմորդների ընդունելությանը խոչընդոտող խնդիրները և կոնկրետ դեպքերով գտնել համապատասխան լուծումներ։

Փոխնախարարն ընդգծեց պարեկային ծառայությունում ընդունելության ժամանակ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դիմելիության հավասարության ապահովման կարևորությունը։ Նա անդրադարձավ հատկապես ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության խթանմանը՝ խոսելով պարեկային ծառայությունում նրանց կարիերայի աճի հնարավորությունների մասին։

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը նույնպես ընդգծեց պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության և դերի կարևորությունը։

Հանդիպումների ժամանակ կանայք և աղջիկները, խոսելով իրենց զբաղվածության մասին, անդրադարձան նախագրանցվելու իրենց նպատակներին և ընդունելության ընթացքում հնարավոր խոչընդոտներին։ Նրանց մեջ կան իրավաբաններ, ուսուցիչներ, հոգեբաններ և այլ ոլորտների մասնագետներ, որոնք իրենց տեսնում են պարեկային ծառայությունում։

Ներկաների բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Հանդիպումները շարունակվելու են նաև մարզային մակարդակով, որոնց ավարտին Ներքին գործերի նախարարությունը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն։

Back to top button