ԿարևորՏնտեսական

Հայկական կաթնամթերքի ճանապարհը դեպի Ռուսաստան շարունակում է փակ մնալ

Ռուսաստանը շարունակում է արգելել հայկական կաթնամթերքի ներմուծումը։ Հայկական կողմն աշխատում է այդ արգելքը վերացնելու ուղղությամբ։ Ստուգումներ են կատարվում կաթնամթերք արտադրող ընկերություններում։ Արդեն կան նաև ամփոփված տվյալներ։ Դրական արդյունքների դեպքում ակնկալվում է, որ հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան կվերականգնվի։ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայկական կաթնամթերքի ներմուծումը կասեցրել էր ապրիլի 5–ից։

Հայկական կաթնամթերի արտահանման արգելքը Ռուսաստան դեռ գործում է։ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ստուգումները կաթնամթերք արտադրող ընկերություններում։ Ստուգման հայտ ներկայացրած 17 ընկերություններից վեցում արդեն ամփոփվել են արդյունքները։ Դրանցում Ռուսաստանի համար խնդիր առաջացնող իրանական հումքը չի հայտնաբերվել, ասում է տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ տվյալները փոխանցվել են ռուսական կողմին․

«Նրանց դիտարկումից հետո, ամենայն հավանականությամբ, նրանց համար կբացվի դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունը։ Երբ որ մնացած բոլոր ընկերություններինն էլ կստուգենք ու դրական կլինի պատասխանը, հույս ունենք, որ ընդհանրապես կաթնամթերքի համար կվերացվի արգելքը»։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն ավելի վաղ դիմել էր Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան դադարեցնելու պահանջով: Ռուսական տեսչական մարմնից հայտնել էին, որ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են իրանական հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահավում է պանիր ու կարագ, ասում է «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը։ Այդ մթերքը հիմա պահեստավորված է և ճանապարհները բացվելուն պես կառաքվի Ռուսաստան։ Բայց արտահանման արգելքի ձգձգման դեպքում կաթի վերամշակման հարցը կհայտնվի մեծ հարցականի տակ, ասում է զրուցակիցս․

«Գյուղացուց կաթն առնում, պանիր էին սարքում, ուղարկում էին Ռուսաստան։ Հիմա, եթե Ռուսաստանը փակվեց, գյուղացու կաթն էլ պիտի արդեն մտածեն որտեղ տեղավորեն ամառվա այս շրջանում»։

էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, որ խնդիրը տեսչական մարմնի տիրույթում է։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ ասել էր, որ կաթնամթերքի ոլորտում խնդիրները հիմա շատացել են ու խառնվել, նկատի ունենալով նաև Ռուսաստանի սահմանած արգելքը։ Միևնույն ժամանակ նախարարը նշել էր, որ 150 դրամ մթերման գինը պահպանվելու է․

«Մեխանիզմներ ունենք, թե որտեղ ինչ կարող ենք փոխել, որպեսզի մեր կաթի ներքին քանակը սպառվի և բավարար քանակով պահանջարկ ձևավորվի այդ ապրանքի նկատմամբ»։

Երբ կվերանա արգելքը, ու արտահանումը կվերադառնա բնականոն հուն․ այդ հարցը «Կաթնամթերք արտադրողների միությունը» մտադիր է առաջիկա օրերին քննարկել էկոնոմիկայի նախարարի հետ։

Back to top button