ԿարևորՄշակույթ

«Նա սիրում էր բոլորին». ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 100 տարեկան

2023 թվականի մայիսի 24-ին լրանում է Հայաստանի Հանրապետության  ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն այցելել են Հակոբ Հակոբյանի այրի Մարի Հակոբյանին՝ պատվելու վարպետի հիշատակը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալական և շնորհավորանքի խոսքեր է ասել վարպետի հիշատակին. «Վարպետի մշակութային ժառանգությունը և արժեհամակարգը մեզ համար ուղենշային են ճիշտ գործելու և քայլեր ձեռնարկելու առումով: Այս հոբելյանական տարվա ընթացքում անելու ենք հնարավորը՝ ըստ արժանվույն մեծարելու Հակոբ Հակոբյան արվեստագետի կյանքն ու արվեստը: Հոբելյանական յուրաքանչյուր միջոցառում պլանավորվել է՝ ի հիշատակ և  շարունակություն նրա գործի»:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ:

Փոխնախարարի խոսքով՝ հոբելյանական տարին նոր է մեկնարկում: Նախատեսվում են վարպետին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում, պատկերագրքի թողարկում, քաղաքում նրա հեղինակային քանդակներից մեկի տեղադրում, նամականիշի մարում և այլն:

«Միջոցառումները, որոնք իրականացնում ենք, ունեն ոչ միայն անցյալն արժևորելու նպատակ, այլև հանրությանը վերադարձնելու այն կենարար ներուժը, որ ունեն մեր արվեստագետները և նրանց ժառանգությունը: Յուրաքանչյուր հոբելյանական միջոցառում պետք է ուղերձ լինի հասարակության համար, իսկ Հակոբ Հակոբյանի ուղերձը լուսավոր ու կենսարար է, ինչպես ինքն է եղել՝ բարի, մարդասեր, կյանքի ու պահի արժեքն իմացող, ազնիվ ու բաց՝ որպես հիշեցում, թե ինչպես պետք է ապրել»,- ասել է Արա Խզմալյանը:

Նկարչի այրին՝ Մարի Հակոբյանը հուշեր է պատմել Հակոբ Հակոբյանի կյանքից ու կենսագործունեությունից՝ Հայաստան տեղափոխվելուց մինչև ապրած վերջին օրեր: «Հակոբի շունչը, հոգին միշտ այս տանն են. այդ մասին են վկայում նաև նրան ճանաչողները: Նա այն բացառիկ մարդկանցից էր, որ սիրում էր բոլորին, և բոլորը սիրում էին նրան: Նա ապրում էր ժողովրդի ցավով և մահացավ՝ ժողովրդի ճակատագրով մտահոգված»,- ասել է արվեստագետի այրին:

Նախարարն առաջարկել է հուշերը գրի առնել կամ ձայնագրել՝ որպես արժեքավոր ժառանգություն Հակոբ Հակոբյանի կենսագրության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Հակոբ Հակոբյանի կտավները ներառվելու են «Քո արվեստը դպրոցում» և «Դասարվեստ» ծրագրերում, որպեսզի վարպետի արվեստի գործերը ճանաչելի դառնան նաև դպրոցականների շրջանում:

Նշենք, որ մինչ Հակոբ Հակոբյանի բնակարան այցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հարգանքի տուրք են մատուցել վարպետի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրմաքարին: Պանթեոնում էին նաև Հակոբ Հակոբյանի դուստրը՝ Նորա Հակոբյանը և լիբանանահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը:

Back to top button