ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ ԱԽ նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը, կարևորելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիարժեք ու առանց նախապայմանների իրականացումը, ընդգծել է ՄԱԿ ԱԽ առանցքային դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների իրականացումը երաշխավորելու հարցում։

Անդրադառնալով 6 ամսից ավել շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում՝ դրանով պատասխանատվություն կրելով ապօրինի շրջափակման և դատարանի վճիռը չկատարելու համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքները հոգալուն ուղղված գործողություններինին, և մինչ այժմ հնարավոր չի եղել երաշխավորել ՄԱԿ-ի և իր գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։

Շեշտվել է, որ հայատյացության և այլատյացության խորացմանն ուղղված քաղաքականությամբ ուղեկցվող այս բոլոր ապօրինի գործողությունները բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները և վերջնական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու առաջնային մարմին, իր մանդատին համահունչ կշարունակի ներգրավված լինել այս հարցում՝ երաշխավորելու քաղաքացիական բնակչության արժանապատվությունը, անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները։

Կարդացեք նաև
Close
Back to top button