ԿարևորՔաղաքական

«Ազատ Արցախ-Հայաքվե» շարժումը հանրաքվե է պահանջում

«Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպում՝ հանրաքվե անցկացնելու և, ինչպես կազմակերպիչներն են նշում, Հայաստանի Հանրապետության ու Արցախի տարածքների հանձնում թույլ չտալու համար։ Նախաձեռնության անդամներն այսօրվա հավաքի ժամանակ ներկայացրել են իրենց պահանջներն ու նախատեսվող գործողությունները։

«Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել ՀՀ օրենսդրությունը փոխելու համար։ Խմբի առաջարկած նախագծով օրենքը պետք է պատիժ սահմանի Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մաս հանձնելու, Արցախի ինքնորոշուման իրավունքից  հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։  «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ներկայացնելով նախաձեռնության նպատակները, հիշեցրեց, որ Անկախության Հռչակագրում նշված նպատակներից մեկը՝ Հայաստանի և Արցախի վերամիավորումն է։ Նախաձեռնության հեղինակները անհրաժեշտ են համարում հանրաքվե անցկացնել իշխանությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիների վստահությունը պարզելու համար․

«Պետք է հանրաքվեի միջոցով ստանան ժողովրդի քվեն՝ շարունակելու այն քայլերը, որոնք նրանք ձեռնարկում են։ Եթե ​​ժողովուրդը չընդունի իշխանությունների մոտեցումները, ապա վերջիններս պետք է հեռանան»։

Նախաձեռեռնության անդամները մտադիր են գործընթացը իրականացնել փուլային տարբերակով։ Նախ՝ մտադիր են 50 հազար ստորագրություն հավաքել, ինչը թույլ կտա օրինագիծը խորհրդարան ներկայացնել։ Եթե խորհրդարանը չընդունի օրինագիծը, նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ կգնան հանրաքվեն պարտադրելու ճանապարհով։

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս միացել է այս նախաձեռնությանը։ Բարձրաստիճան հոգևորականի կարծիքով սեղանին դրված է հայ ժողովրդի գոյության իրավունքը․

«Մեր լինելության հարցն է, մեր գոյության հարցը։ Կողքից չենք կարող նայել, թե ինչ է կատարվում։ Մենք պարզապես չենք կարող անտարբեր մնալ այն ամենին, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում։ Արցախը, որպես առաջնային վտանգված, և երեկ էլ հայտարարվեց, որ Տավուշից, ՀՀ մյուս տարածքներից զիջումների մտադրությունների մասին։ Սա անընդունելի է, այնտեղ ոչ միայն կրոնական, մշակութային արժեքներ են, այլ մեր ողջ ինքնությունն է»։

Իսկ եթե առաջիկայում որևէ փաստաթուղթ ստորագրվի, իմաստ կունենա՞ այդ ստորագրահավաքը։ Իրավաբան Արամ Օրբելյանը հստակեցրեց, որ ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է անցնի Սահմանադրությանը համապատասխանության ստուգման գործընթաց, հետո արդեն ԱԺ-ում վավերացման գործընթաց։ Իսկ դրա համար ժամանակ է հարկավոր․

 «Այս գործընթացը կարող է լինել մի գիշերվա ընթացքում, պայմանական ասած, բայց ավելի հավանական է, որ դա տևելու է մի որոշ ժամանակ, հետևաբար, ունենալու ենք ժամանակ դրան արձագանքելու։ Հետևաբար, այսօր  սկսում ենք այս նախաձեռնությունը»։

Ըստ Օրբելյանի՝ իրենց նախաձեռնությունը ունակ է հստակեցնելու ՀՀ սահմանադրական կարգի որոշակի դրույթները՝ քրեական օրենսգրքի մակարդակով։ Այն մտադիր են իրականացնել հանրաքվեի միջոցով, որ , ըստ իրենց, լինի Սահմանադրությանը գրեթե հավասար գործընթացի արդյունքում արձանագրված փաստ։

Back to top button