ԿարևորՀասարակություն

Աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար՝ քննիչներին․ ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով մեկնարկում է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու այս տարվա հերթական ընդունելությունը։ Զուգահեռաբար  խորհրդարանում քննիչների աշխատավարձը բարձրացնելու նախագիծ է քննարկվել։ Այն վերջին շրջանում ներկայացվող օրինագծերից տարբերվում է նրանով, որ աշխատավարձի բարձրացում է ենթադրում՝ առանց ատեստավորման։

2022-ին 1 քննիչը 1 տարվա ընթացքում 111 քրեական վարույթ է քննել։ 2020-ի քննիչների միջին ծանրաբեռնվածությունը 73 էր։ Գործը շատ է, քննիչներն աշխատում են 12-13 ժամ, երբեմն՝ ավելի երկար՝ ասում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱԺ-ին առաջարկում հավանություն տալ նրանց աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար սահմանելու նախագծին․

«2020 թվականի ընթացքում քնչական կոմիտեի վարույթում քննվել է 32 483 քրգործ, 2021 թվականին այդ թիվը կազմել է 41 883, 2022-ի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է 59 830 քրեկանա վարույթ։ Քնչական կոմիտեի վարույթում է քննվում ՀՀ կատարված հանցագործների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը։ Քերական գործեր են քննում այնպիսի հանցագործների վերաբերյալ, ինչպիսիք են կիբերհանցագործները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, սպանությունը, կոռուպցիոն հանցագործները, քրեական ենթամշակույթի վերաբերյալ գործերը, տնտեսական հանցագործությունները, մաքսային, հարկային և այլ հանցագործներ։ Հանցագործների այս բնույթը ևս վկայում է կատարվող աշխատանքի ռիսկայնության մասին»։

Այվազյանի խոսքով՝ սկսնակ, ամենացածր գործակցով վարձատրվող քննիչի աշխատավարձը շուրջ 300 հազար դրամ է, հավելումների դեպքում կկազմի մոտ 570 հազար դրամ: Ավելի բարձր աշխատավարձը չի թեթևացնելու քննիչների գործի ծանրությունը՝ կարծում  է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը․

«Ծանրաբեռնվածությունը բերելու է ոչ միայն քննիչի շատ աշխատելուն, այլ նաև քննության որակի անկմանը։ Անխուսափելիորեն։ Արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի այս միջոցները հատկացնեինք անձնակազմի ավելացմանը, որ միջին ծանրաբեռնվածությունը 111-ից իջնի օպտիմալ թվի, որ որակը չտուժի, քան թե նույն քննիչի վրա թողնելով նույն ծանրաբեռնվածությունը, պարզապես աշխատավարձ ավելացնենք»։

Սակայն Քննչական կոմիտեի փոխնախագահը վստահ է՝ հաստիքների ավելացումը ոչ աշխատանքի որակն է լավացնելու, ոչ քննվող գործերի քանակն է նվազեցնելու։ Պարզաբանում է, թե ինչու․

«Այս ռիսկայնությամբ և գերծանրաբեռնվածությամբ, նաև սոցիալական երաշխիքների ցածրությամբ պայմնանավորված մենք ունենում ենք շատ արտահոսք և պակաս գրավչություն։ Այսօր բուհերի լավագույն ուսանողները ձգտում են այլ աշխատանքների քան քնչական կոմիտեում աշխատանքի անցնելը, որովհտեև ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքներ են նրանց առաջարկվում։ Մենք անընդհատ պրոֆեսիոնալների արտահոսք ենք ունենում, և պրոֆեսիոնալն իր հետ տանում է նաև տարիների փորձը։ Այն որոշումը, որը պրոֆեսիոնալ քննիչը կկայացներ կես ժամում, սկսնակ քննիչ 5 ժամում է կայացնում»։

Ասում է՝ Քննչական կոմիտեի աշխատակիցների մեծ մասն ունեն առավելագույնը 5 տարվա աշխատանքային փորձ, ինչը շատ վատ ցուցանիշ է։ Աշխատավարձի բարձրացումը համակարգում կպահի պրոֆեսիոնալներին։ Սակայն Հայաստանն աստիճանաբար սովորում է, որ աշխատավարձի բարձրացումը անպայման պիտի կապված լինի ատեստավորման հետ։ Սմբատ Բագրատյան․

«Ինչո՞ւ մենք պաշտպանության նախարարության զինված ուժերում աշխատավարձ բարձրացնում ենք ատեստավորումից հետո, իսկ այստեղ բարձրացնում ենք առանց ատեստավորման և արդյո՞ք սա մոտիվացիայի պակաս չի լինի պրոֆեսիոնալների համար, որովհետև ինքը հավասար բարձրացած աշխատավարձ կստանա, ինչ այն քննիչը, որը բավարար պրոֆեսիոնալ չէ»։

Ի պատասխան Արսեն Այվազյանը պատմում է՝ կոմիտեում խիստ ընթացակարգով ատեստավորում է կազմակերպվում, իրականացվում են լրացուցիչ վերապատրաստումներ, կան նաև ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատման դեպքեր։ Սակայն սա կազմակերպվում է ոչ թե աշխատավարձի չափը որոշելու, այլ մասնագետների գիտելիքների ծավալը մշտադիտարկելու համար։

«Ատեստացիաների արդյունքում, նրանց գիտելիքներով պայմանավորված, տարբեր պաշտոններ ենք առաջարկում, որով պայմանավորված էլ աշխատավարձերի տատանում է լինում»։

Օրենսդրական այս նախագծի ընդունումը համընդհանուր, առանց պայմանականությունների, 92 տոկոս հավելավճար է ենթադրում։ Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից:

Back to top button