ԿարևորՀասարակություն

Զալցբուրգի համալսարանի հայագետ պրոֆեսորը դասախոսությամբ հանդես կգա Գորիսի պետհամալսարանում

Գորիսի պետական համալսարանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում հյուրընկալել է Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունել է ներկաներին և անդրադարձել հայագիտության ոլորտում կատարվող գիտական ուսումնասիրությունների կարևորությանը՝ հիմք ընդունելով ազգային ժառանգությունը և պատմական փորձը:

Հանդիպմանը Յ. Դում-Թրագուտը ներկայացրել է Զալցբուրգի համալսարանի գործունեությունը հայագիտության ոլորտում, ինչպես նաև Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը: Անդրադարձ է եղել նաև հայոց լեզվին, քրիստոնեական ավանդույթներին և բժշկագիտական ձեռագրերին:

Առաջիկա եռօրյա հանդիպումներին պրոֆեսոր Յ. Դում-Թրագուտը դասախոսություն կունենա «Սյունիքից հայ ռազմագերիները՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրո-հունգարական ճամբարներում», «17-րդ դարի Սյունիքի կուսանոցները», «Սյունիքի լքված գյուղերը» թեմաներով: Կկազմակերպվի քննարկում հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեության վերաբերյալ:

Back to top button