ԿարևորՔաղաքական

Կողմերն ամենամոտն են ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում․ Արարատ Միրզոյան

Երկօրյա այցով Երևանում է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: Նա այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։ Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է հայկական կողմի շահագրգռվածությունը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգումը։ Նախարարն ասել է նաև, որ Վաշինգտոնում հնարավոր է եղել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու հոդված համաձայնեցնել և մոտեցնել դիրքորոշումները ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերտիին ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքն ու դրա հումանիտար հետևանքները։ Կարևորելով  ՄԹ ներդրումը, մասնավորապես գերիների վերադարձն ապահովելու հարցում՝ Միրզոյանը բրիտանացի գործընկերոջը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների  դրույթների իրագործման ճանապարհով, կողմ է տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկմանը՝ կողմերի  ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության սկզբունքների հիման վրա։

«Չնայած բանակցային գործընթացին, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սադրիչ գործողությունները, որոնք հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Այս համատեքստում հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ»։ 

Անդրադառնալով  Վաշինգտոնում, Բրյուսելում ու Ռուսաստանում կայացած հանդիպումներին՝ Արարատ Միրզոյանը  հստակեցրեց, որ  Վաշինգտոնում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել․  հնարավոր է եղել խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված համաձայնեցնել, իսկ մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր է եղել  ուղիղ, երկար ու անկեղծ  խոսակցություն ծավալել։

«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում  մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին»։

Հայաստանի համար սկզբունքային է սահմանազատման գործընթացի որոշակիությունը՝ նշեց  Հայաստանի արտգործնախարարը։ Իսկ Ենթակառուցվածքների հարցում, ըստ Արարատ Միրզոյանի,  կողմերն ամենամոտն են հանգուցալուծմանը հասնելուն։

«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ և պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին մինչ Երևան այցելելը այս տարվա փետրվարին Բաքվում էր։ Այդ ընթացքում Լաչինի միջանցքը փակ էր և հայ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ադրբեջանի հետ համագործակցությունը կանաչ լույս չէ Բաքվի ոտնձգությունների համար։ Ի պատասխան Լեո Դոքերթին նշեց՝ Ադրբեջանի իշխանություններին ասել է Լաչինի միջանցքի արգելափակման անթույլատրելիության մասին։ Լսենք նրան համաժամանակյա թարգմանությամբ․

«Այո, անկասկած։ Հարցը բարձրացվել է Բաքվում։ Սա կարեւոր տարր էր։ Մենք բարձրացրել ենք մարդկանց ազատ տեղաշարժի հարցը։ Այո, մեր հարաբերությունները նույնքան կարևոր են Բաքվի հետ որքան և Երևանի հետ։ Բայց մենք միշտ հստակ ենք եղել և ասել միշտ  ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, և կայուն խաղաղության կարող ենք հասնել  միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի մենք աջակցում ենք ԵՄ-ին և ԱՄՆ-ին հարցի առաջխաղացման համար»:

Սա Դոքերթիի առաջին այցն է Հայաստան, նա կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում։

Back to top button