Քննությունները՝ հեռավար, ուսման հարցը՝ անորոշ․ Արցախում բուհական քննությունները կկազմակերպվեն ըստ պատշաճի
Գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է 1304-ով։ Պահանջարկ ունեցող մասնագիտություններն այս տարի էլ անփոփոխ են՝ բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ, կառավարում։ Արցախում էլ են պատրաստվում բուհական քննություններին։ Թեև քննությունների ձմեռային փուլին հայտ ներկայացրած 50 դիմորդ շրջափակման հետևանքով չի մասնակցել, բայց հունիսյան քննությունները կկազմակերպվեն ըստ պատշաճի, ասում են պատասխանատուները։
Այս տարի բուհական քննություններին 19 539 տեղի համար հայտ է ներկայացրել մոտ 14․500 դիմորդ։ Այս թվի մեջ են մտնում նաև ձմռանը միասնական քննություն հանձնածներն ու արցախցիները։ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց՝ այս տարի էլ թոփ մասնագիտությունների ցանկում փոփոխություններ չեն եղել։ Հայկական երկու հանրապետություններում էլ հետաքրքրությունը մեծ է հատկապես բժշկական մասնագիտությունների նկատմամբ։ Բուհերի ընդունելության կարգում անցյալ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Առաջին փուլի քննությունները կայացել են հունվար-փետրվար ամիսներին: Միասնական քննությունների այդ փուլին Արցախից հայտ ներկայացրած 50 դիմորդ չի մասնակցել շրջափակման պատճառով, սակայն հունիսյան քննություններին շրջափակված Արցախը Հայաստանի հետ զուգահեռ կազմակերպում է քննություններ, ասում է զրուցակիցս․
«Ամռանը Արցախի ԳԹԿ–ն մեր հետ զուգահեռ քննություններ է կազմակերպում։ Եվ այդ առումով այս տարին անցյալ տարվա նման է։ Այլ հարց է, որ շրջափակված Արցախում որոշակի խնդիրներ կարող են լինել, գուցե նաև անկանխատեսելի։ Բայց Հայաստանի ԳԹԿ–ն մասնակցում է այնքանով, որ թեստերն են իրենց ուղարկում։ Այսինքն մեր մշակած թեստերով են իրենք քննություն հանձնելու։ Իրենց՝ շրջափակված Արցախից դուրս գալու խնդիրը չկա։ Իրենք տեղում կարող են քննություն հանձնել»։
Հայաստանում դիմորդների՝ բուհեր հայտագրումն ավարտվել է մայիսի 10–ին։ Քննաշրջանը մեկնարկելու է հունիսի 9–ին, ավարտվելու է հունիսի 27–ին։ Դրանից հետո կլինի հայտագրման հաջորդ փուլը։
Իսկ Արցախում դիմորդների հայտագրումն ավարտվել է մայիսի 8–ին։ 572 դիմորդներից 374–ը կպայքարեն Արցախի բուհերում սովորելու համար, «Ռադիոլուրին» պատկերը ներկայացնում է Արցախի ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը․
«Արցախի բուհերում առավելագույնը Արցախի պետական համալսարանն է՝ 274 դիմորդ։ Արցախից Հայաստանի բուհերի համար 101 հոգի է դիմել, իսկ Հայաստանի բուհերի ոչ նպատակային տեղերի համար հայտագրվել է 97 դիմորդ։ Առավել շատ դիմել են ԵՊԲՀ՝ 46 դիմորդ, հետո ԵՊՀ ու մնացածը»։
Արցախում մեծ թիվ են կազմում «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» և «Անգլերեն» առարկաներից քննության հայտ ներկայացրածները։ Ստեփանակերտում միասնական քննությունների համար բացվելու է 5 քննական կենտրոն։ Հաստատվել են նաև ներբուհական քննությունների օրերը։ Դրանք կանցկացվեն հունիսի 25–ից մինչև հուլիսի 5–ը։ Ըստ զրուցակցիս՝ անկախ շրջափակումից, քննությունները կազմակերպվելու են ըստ պատշաճի․
«Քննությունները կազմակերպվելու են ըստ պահանջված ձևի։ Ուղիները գտնվում են, որ չխախտվեն երեխաների իրավունքները»։
Հայաստանյան բուհերն այս տարի նորություն ունեն դիմորդների համար։ Երկարատև դադարից հետո կառավարությունը վերականգնել է տարկետման իրավունքը։ ԵՊՀ–ում 6, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 4 մասնագիտություններով ընդունված տղաները կարող են օգտվել այս հնարավորությունից, ասում է ԳԹԿ մամուլի խոսնակը․
«Այս մասնագիտություններով ընդունված տղաները, եթե ընդունվում են անվճար, ուսումնառության բոլոր 4 տարիների ընթացքում չեն զորակոչվում ԶՈՒ։ Տարկետման իրավունքը պահպանվելու է բոլոր 4 տարիների ընթացքում։ Անկախ նրանից, թե երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսում առաջադիմությունից կախված կլինեն վճարովի համակարգում»։
Քննությունները հեռավար կլինեն, սակայն ուսուցման հարցը դեռ անորոշ է արցախցի ուսանողների համար։ Յուրի Քարամյանի տեղեկացմամբ՝ միասնական քննությունների լրացուցիչ փուլը կազմակերպվելու է հուլիսի 2–ից 8–ը, իսկ հիմնական փուլի մրցույթն անցկացվելու է հուլիսի 10–ից 15–ը։ Մրցույթից դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան հայտագրվել թափուր տեղերի համար։