ԿարևորՔաղաքական

Իշխանությունն Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել, թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից․ Ռուբեն Վարդանյան

Արցախում քաղաքական խորհրդակցություններ են․ նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ քննարկումների առանցքում Արցախի առջև ծառացած ներքին  և արտաքին մարտահրավերներն են։ «Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան  խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է ԱՀ նախագահը։ Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Արցախում, ի՞նչ են առաջարկում քաղաքական գլխավոր դերակատարները:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, մերժել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հեռուստաբանավեճի առաջարկը։ Նման առաջարկ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը նախօրեին էր արել՝ ըստ էության արձագանքելով Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությանը, թե ինքը մեկ անգամ է հանդիպել Սամվել Բաբայանի հետ և իրեն այնքան էլ պարզ չի եղել, թե ինչ է նա այժմ պատկերացնում։

Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է նաև Արցախի նախագահի հրաժարականի պահանջին, որ ձևակերպել էր խորհրդարանի նախագահը։ Արթուր Թովմասյանը Արայիկ Հարությունյանին հորդորել էր՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։

«Արցախում հիմա բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր խոսքերն ու նույնիսկ ուլտիմատում պարունակող հայտարարությունները։ Պետք է հասկանանք, որ այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ, որոնք նորմալ կդիտվեի մեկ այլ ժամանակահատվածում, քանի որ թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ բանավեճեր նախաձեռնողները, և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել»։  

Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարել էր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին։ Շարժման նպատակն է նպաստել համախմբմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել ճգնաժամից դուրս գալու համար։ Վարդանյանն այսօր գրել է նաև, որ հիմա Սահմանադրությունից չպետք է շեղվել ոչ մի քայլ, հորդորել՝ չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծում իրավական դաշտից դուրս։

«Իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել։ Արտաքին վտանգի առջև մենք պետք է բացարձակապես միասնական լինենք»։

Արցախում բոլորն էլ հասկանում են՝ բացառված է, որ Արցախը թեկուզ ինչ-որ պահ մնա առանց իշխանություն։ Դա անմիջական հարված է Արցախի սուբյեկտայնությանը՝ ասում է Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ պետք է լինի լեգիտիմ մարմին, իսկ ամենալեգիտիմ մարմինը, դա ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է»։

Ազգային Ժողովի նախագահի հայտարարությունն անակնկալի է բերել Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր դաշինքի պատգամավորներին։ Մետաքսե Հակոբյանը, մասնավորապես, ասում է, որ երկար ժամանակ չեն ունեցել քննարկելու հրաժարականի մասին հայտարարությունը։ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ու Արայիկ Հարությունյանը նույն թիմի ներկայացուցիչներ և համախոհներ են՝ նկատում է ընդդիմադիր պատգամավորը։  

«Մենք, արդեն, երեք տարի է՝ պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ընդ որում՝ այդ պահանջի հիմքում շատ ավելի լուրջ և ծանրակշիռ հիմքեր կան։ Ստացվում է, որ այդպիսի պահանջներն, այդպես էլ, չբավարարվեցին և հիմա, հանկարծ, Արցախի ԱԺ նախագահը որոշել է, որ եթե Արայիկ Հարությունյանը չստեղծի Պաշտպանոթյան Կոմիտե և այնտեղ չներառի ինչ – որ մարդկանց, ապա պահանջելու է նրա հրաժարականը»։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, սակայն, կարծում է, որ Արցախի շուրջ ձևավորված իրողություններով են պայմանավորված ներքաղաքական գործընթացներն Արցախում։ Ըստ նրա՝ Արցախում ձևավորված է քաղաքական մշակույթ, որ բոլոր կարևոր որոշումներն ընդունվում են լայն քննարկում-խորհրդակցությունների արդյունքում։   

«Տարբեր քաղաքական կուսակցություններ ու խմբեր ունեն տարբեր առաջարկներ ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ լուծումներ առաջարկելու առումով։ Տարբեր կողմերից հնչում են առաջարկներ և, ըստ էության, մենք ականատեսն ենք լինում լավագույն տարբերակ գտնելու փորձերին»։   

Ժիրայր Ազիզյանի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահն առաջարկում է իր տարբերակը։ Նրա կարծիքով՝ եթե հետպատերազմյան շրջանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը մերժվում էր նոր ընտրություններ կազմակերպելու աննպատակահարմարության կամ անհնարինության մտահոգություններով, ապա  այս իրավիճակում  այդ ճանապարհով գնալը պարզապես  անհնար է։

«Եթե այն ժամանակ գոնե դա կասկածի տակ էր դրվում, ապա հիմա, առավել քան վստահ կարող ենք հայտարարել, որ ստեղծված իրավիճակում ընտրություններ կազմակերպելը անհնար է»։  

Ի դեպ, ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում:

«Մայիսի 15-ից նախագահը հանդիպում-քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Արայիկ Հարությունյանը պատրաստ է լսել Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի ժողովրդի շահերին»։

Լուսինե Ավանեսյանը նաև հավելել է, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ պատշաճ կերպով կիրազեկվի հասարակությունը:

Back to top button