ԿարևորՀասարակություն

«Մեր ապագան մեր ձեռքում է». Ստեփանակերտում մեկնարկել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել մի խմբում, որը հիմա ղեկավարում է երկիրը։ Սա պիտի հասկանա նաև Հայաստանի կառավարությունը՝ այսօր հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա ողջունել է Հայաստանի և Արցախի մի խումբ քաղաքական ուժերի հայտարարությունն այն մասին, որ Արցախը որևէ կերպ չի կարող դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Արցախի ժողովուրդը այս հարցով իր կարծիքը վաղուց է հայտնել ու վերահաստատել ու դա սկզբունքային խնդիր է՝ նշել է Վարդանյանը։ Նա հավելել է, որ հայտարարությունները լավ են, բայց քայլեր պիտի լինեն՝ այդ ամենը պարզ ու հասկանալի, հստակ ներկայացնելու հասարակությանը։

Այսօր Ստեփանակերտում հայտարարվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց՝ առաջին քայլը, որ կարողացել են անել՝ իրար աչքերի մեջ նայելով խոսել են անցյալի մասին, ապա միավորվել գաղափարի ու նպատակի շուրջ, մի կողմ թողնելով կուսակցական, անձնական ու այլ շահերը։

 «Ապագան Արցախի չի կարող որոշվել մի խմբում, որը հիմա  ղեկավարում է երկիրը։ Սա սկզբունքային խնդիրներից մեկն է մեր ազգի առջև կանգնած»։

Ամեն ինչ անելու ենք, որ Արցախը լինի անվտանգ, երջանիկ, անկախ։ Շատ կարևոր է, որ մենք ասենք, պատրաստ ենք ամեն ինչ անել, գնալ մինչև վերջ, պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն՝ ասաց Ռուբեն Վարդանյանը․

«Միասին հասկանանք՝ ինչպես կարող ենք ի վերջո ասել, որ Արցախի ապագան մեր ձեռքերում է, այլ ոչ թե ինչ-որ մեկի, հենց մենք ենք որոշում մեր ապագան։ Այս գաղափարի շուրջ միավորվել են տարբեր մարդիկ՝ տարբեր ճանապարհ անցած, տարբեր փորձով, տարբեր տարիքի։ Սա շատ կարևոր օրինակ է, որ Արցախում հնարավոր է, որ մարդիկ միավորվեն գաղափարի շուրջ, այլ ոչ թե անձի շուրջ։ Մարդիկ միավորվել են և գիտակցել սուր իրավիճակը, որի առջև մենք հայտնվել ենք։ Մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար»։

Վարդանյանը վստահություն հայտնեց, որ իրենց շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ ամբողջ աշխարհում, քանի որ, նրա ձևակերպմամբ, Արցախի ապագան, նրա անկախ և հայկական լինելու խնդիրը ողջ հայության խնդիրն է։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ շարժումը միավորում է հասարակական, քաղաքական տարբեր ուժերի, և դա վկայություն է, որ հնարավոր է համաձայնության գալ և փրկել հայրենիքը։ Նարինե Աղաբալյանը կոչ է անում բոլորին՝ միանալ շարժմանը.

 «Ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ, ում համար թանկ են հայկական արմատներն ու մեր երեխաների ապագան, կարող են միանալ մեզ՝ անդամակցելով հանրային շարժմանը և ուժեղացնելով Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը»։

Պաշտոնաթող սպա, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը երբեք չի պատկերացրել, որ կներգրավվի նման մի շարժման մեջ, բայց, ասում է, գործընթացը պարտադրված է Ադրբեջանի կողմից՝ իր հակաարցախյան քաղաքականությամբ, նաև Արցախում փոքր խմորումների արդյունքում։ Նրա խոսքով՝ այս ճակատը տարբերվում է բոլոր ժամանակների նման շարժումներից։ Մանուկյանն ասում է, որ գործընթացն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ հանուն Արցախի է․

 «Այս ճակատի հայցակարգը, գործելակերպը իրականացրել են մարդիկ, կուսակցություններ, հասարակական կառույցներ ու անհատներ, որոնք իրենց աշխատանքի արդյունքում են ձևավորել այն տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է համատեղ իրականացնեն»։

Պայքարը չի ենթադրում միայն քաղաքական ասպեկտ՝ ասում է Դավիթ Մանուկյանը։ Նա նշում է, որ իրենց հայեցակարգերը ներառում են բազմազան տնտեսական, անվտանգային հարցերը։ Կա նպատակ, կան կարմիր գծեր, 77 կետ և աշխատանքային ուղղություն են առանձնացրել, որոնց շուրջ էլ կառուցելու են հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը։ Պաշտոնաթող սպա, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Կարեն Բազյանը կարծում է, որ սա այն հարթակն է, որտեղ կարելի է միանալ ու երկրին օգնել այս ծանր պահին։ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումն ու Արցախի երիտասարդական ակումբների համադաշնությունն էլ է միացել ճակատին։ Շարժման ներկայացուցիչ Զոյա Սարգսյանն ասում է .

 «Մենք քաղաքական գործիչներ չենք, բայց վտանգի մեջ գտնվող երկրի քաղաքացիներ ենք, չենք կարող անմասն մնալ ու կշարունակենք աջակցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նոր ծրագրերին»։   

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաղրյանն էլ ասաց, որ վրանային ակցիան և ստորագրահավաքը, որ նախաձեռնեցին ու իրականացրին ընդդեմ ադրբեջանական անցակետի, շարունակելու են, մինչև անցակետը հեռացվի։ Հավաքած ստորագրությունները ներկայացրել են մի շարք դեսպանատներ և միջազգային կառուցների։ Հերթական քայլից առաջ էլ հիմա նրանց արձագանքին են սպասում։ Թեպետ տեսնում են, որ միջազգային հանրությունը քայլեր չի անում ու դժվար է հավատալ մի մեխանիզմի, որը կիրառելի չէ։ Հետևաբար, այս հարթակի քննարկումներին էլ մասնակցում են՝ վստահությամբ, որ այն հարմար հարթակ կլինի խոսելու, թե ինչպես են տեսնում հետագա կյանքը Արցախում և ինչ պետք է անեն իրենք ներսում՝ հանուն Արցախի։  

Back to top button