ԿարևորՀասարակություն

Հայաստանը թմրանյութի սպառմա՞ն, թե՞ տարանցման երկիր․ իշխանությունն ու ընդդիմությունը անհանգստացած են

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է նախաքնությունը՝ պարզելու շուրջ1 տոննա կոկաինի՝ Հայաստանում հայտնվելու հանգամանքները։ Ծառայությունը հայտնել  է, որ ավելի քան  250 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութը Հայաստան է տեղափոխվել մեր երկրում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից: Այս հաղորդագրությանը նախորդել էր մեկ այլ աղմկահարույց  բացահայտում։ Նախօրեին էլ իտալական ոստիկանությունն էր հայտնել ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաինի առգրավման մասին, որը վրացական Բաթումի նավահանգստով պետք է Հայաստան տեղափոխվեր։ Աղմկահարույց բացահայտումները հանրային լուրջ քննարկումներ են հարուցել։

Հայաստանում նոր համաճարակ կա, որի հետագա տարածումը պետք է օր առաջ կանխել։ Ընդդիմության ներկայացուցիչներն այսպես են արձագանքում վերջին օրերին թմրամիջոցների շուրջ բարձրացած աղմուկին։ Այն, ինչ կատարվում է սև շուկայում, ազգային անվտանգության խնդիր է՝ ասում են ԱԱԾ շենքի մոտ հավաքված  ընդդիմադիրները։

«Կան ողջամիտ կասկածներ, որ այստեղ մենք ունենք «արտաքին ձեռքի» ազդեցություն, և բնականաբար կարող ենք կռահել, թե որ երկրներն են շահագրգռված, որ Հայաստան մտնի մոտավորապես 4 տոննա կոկաին և որպես ոչ տարանցիկ երկիր, միայն պատկերացնել կարելի է, թե սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել»,– ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյան

Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հրապարակային պարզաբանումներ ներկայացնի, թե ինչպես է եղել, որ մաքսային ճանապարհով թմրամիջոցներ են հասել Հայաստան՝ պնդում է ընդդիմադիր պատգամավորը։ Թմրամիջոցների դեմ օրինապահ մարմիններն, իհարկե, պայքարում են, բայց փաստորեն խնդիրներն ավելի մեծ են, պայքարն ավելի ինտենսիվ պետք է լինի՝ նկատում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Հայաստանում թմրամիջոցների մեծ համաճարակ է։ Թմրամիջոցներն արդեն տարածվում են դպրոցներում, համալսարաններում, տեղեկություններ կան, որ նաև բանակում, անչափահասների միջև։ Սա մեծ աղետ է, սա կարող է բերել մեր ազգի վախճանին, այսպիսով մեր երիտասարդներին ոչնչացնում են, թմրեցնում են»։

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունն էր հաղորդագրություն տարածել, որ Հայաստանում մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության ապրանքատեսակների հետ Հայաստան ներմուծված շուրջ 1 տոննա ու 250 միլիոն եվրո արժողությամբ «Կոկաին» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել։ Հաղորդագրությունը ուշագրավ էր ոչ միայն առգրավված թմրանյութի խոշոր խմբաքանակով։ Նախօրեին եվրոպական մամուլում ոչ պակաս ուշագրավ մեկ այլ հաղորդագրություն էր տարածվել։ Իտալական  ոստիկանությունը հայտնել էր, որ նավահանգիստներից մեկում շուրջ 3 տոննա ընդհանուր զանգվածով կոկաին է առգրավվել, որը նախատեսվում էր վրացական Բաթումի նավահանգստով Հայաստան տեղափոխել։ Ըստ աղբյուրի՝ թմրանյութը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանի արկղերում։

«Այդպիսի ծավալի թմրամիջոցի հայտնաբերումը Իտալիայում և Հայաստանում չէր կարող Հայաստանի շուկայի համար լինել․ պարզ երևում է, որ ավելի մեծ երկրների շուկայի համար է։ Բայց եթե արդեն ներմուծվում է, բնական է, որ կա հավանականություն, որ այդ ներմուծվածից ինչ–որ մի չափաբաժին հնարավոր է նաև Հայաստանում սպառվի»։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսպես էր արձագանքել աղմկահարույց հաղորդագրությանը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը կիսել էր մտահոգությունը թմրամիջոցների տարածման ու անհանգստացնող վիճակագրության վերաբերյալ, բայց նաև արձանագրել, որ անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ քայլերն արվում են։

«Վերջին ժամանակներում պետական կառավարման բոլոր օղակները, որոնք ինչ–որ չափով պատասխանատու են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու համար, շատ ակտիվ պայքար են մղում։ Մենք նույնիսկ ամեն օր Ազգային ժողովում ու մեր հանձնաժողովում քննարկումներ ենք ունենում, բոլոր գերատեսչությունների առաջ խնդիր ենք դրել, որ պետք է անպայման գործուն միջոցներ ձեռնարկվի։ Պայքարը բոլոր մակարդակներում լինելու է անզիջում»,– նկատում է իշխանական պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան

Առաջիկայում նաև թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն կունենանք՝ ասում է ՔՊ–ական պատգամավորը։ Պատրաստ են ուժային կառույցներին այս հարցում օգնելու համար օրենսդրական փոփոխությունների գնալ, ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկան ու միջոցները։

«Ընդհանրապես թմրամիջոցների դեմ պայքարը միջազգային մակարդակի պայքար է, և, որպեսզի արդյունքի հասնենք, պետք է սկսած հարևան երկրներից նաև միջազգային իրավապահ մարմինների միջոցով հնարավորություն ունենանք պայքարելու, միայն Հայաստանի իրավապահ մարմիններով դա անել դժվար է»,– ասում է Խաչատրյանը։

Թմրամիջոցների ձեռք բերումն ու տարածումը վերջին տարիներին ավելի է հեշտացել՝ արձանագրում են թե՛ իշխանական թե՛ ընդդիմադիր պատգամավորները։ Սոցիալական հազարից ավելի էջեր կան, որոնք զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Վիճակագրությունը փաստում է նաև, որ վերջին տարիներին մեր երկրում երիտասարդացել է թմրամիջոցներ օգտագործողների միջին տարիքը։ 2022 թվականին, օրինակ, նախորդ տարվա համեմատ շուրջ 45 տոկոսով աճել է թմրամիջոցների հետ կապված հանցագործոթյունների թիվը՝ շուրջ 1500–ից դառնալով գրեթե 2300․ սրանք միայն բացահայտված, արձանագրված դեպքերն են։

Back to top button