ԿարևորՍպորտ

Հայաստանը՝ FIFA Forward Awards 2023-ի հաղթող

ՖԻՖԱ-ն ամփոփել է եվրոպական անդամ ասոցիացիաների համար մշակված FIFA Forward Awards-2023 հատուկ նախաձեռնության արդյունքները: Առաջին անգամ իրականացվող նախաձեռնությանը ներկայացված են եղել 21 ասոցիացիաների կողմից վերջին մի քանի տարում իրականացված ենթակառուցվածքային նախագծեր՝ այդ թվում, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների։

21 երկրների ծրագրերից լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մասսայական ֆուտբոլի մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը (89 փոքր դաշտեր Հայաստանի մարզերում), հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքն արժանացել է ՖԻՖԱ-ի բարձր գնահատականին: Այն փաստը, որ մեր ծրագիրը հաղթող է ճանաչվել՝ առաջ անցնելով եվրոպական 20 ասոցիացիաներից, վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել մեր ծրագիրը՝ զարգացնելով մարզային ենթակառուցվածքները, բարելավելով երեխաների՝ ամբողջ Հայաստանով մեկ ֆուտբոլ խաղալու հնարավորությունները: Կարևորում եմ նաև, որ մենք ենթակառուցվածքներ ենք ստեղծում, որոնք միտված են աջակցել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացմանը»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Առաջիկայում ՖԻՖԱ-ն պաշտոնապես կհանձնի պարգևը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Back to top button