ԿարևորՔաղաքական

Կանեփի արտադրության լիցենզավորումը չի պարզեցվի․ ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց նախագծին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է դեղատների ներկայացուցիչների դիմումը և դրական եզրակացություն տվել։ Ըստ այդմ՝ որոշ գործարքների նոտարական վավերացման և ծագող իրավունքների պետական գրանցման պահանջները կվերացվեն:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: Ըստ էության՝ կառավարությունն առաջարկում է արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնել, ինչին և ԱԺ հանձնաժողովը հավանություն չի տալիս։ 

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Նա ասաց, որ արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը նախատեսվում է հանել:

ՔՊ պատգամավոր Հայկ Ցիրունյանի ձևակերպմամբ՝ թմրամիջոցների դեմ պայքարելը շատ լավ է, բայց տվյալ օրենքը տեխնիկական կանեփի մասին է ու առավելապես տնտեսական նշանակության տեսանկյունից պետք է դիտարկել, քան առողջապահական.

«Օրենքը ընդհանրապես չի վերաբերում թմրամիջոցներին։ Տպավորված կարծրատիպեր կա. երկար տարիներ կանեփը, կոպիտ ասած, վարկաբեկվել է՝ լավ կողմերը»։

 «Չեմ կարծում, որ կոնկրետ այս նախագիծը հիմնավորումների մեջ ձևակերպված այն բարձրագոչ նպատակների հետ ուղիղ աղերս ունի»,-արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ 

Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են որոշակի սահմանումներ, օրինակ՝ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը: Կառավարության համար սահմանվել են որոշակի լիազորություններ, օրինակ՝ ոչնչացման պահանջները սահմանելու համար, պարզաբանեց Լենա Նանուշյանը. 

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»։ 

Օրենքն ընդունվել էր 2021 թ-ին՝ Հայաստանում թույլատրելով արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Դրանք հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք 2 տարի առաջ օրենքի ընդունումից հետո առկա տնտեսական ակնկալիքները չեն արդարացել և հիմա ներկայացված նախագծով փորձում են այդ խոչընդոտները վերացնել, որ այդ բիզնեսը զարգանա:

Նանուշյանը պատասխանեց, որ 1.5-2 տարիների ընթացքում, երբ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վերհանեցին որոշ խնդիրներ, խոչընդոտներ. «Եվ հիմա դրանք վերացնելով՝ նպատակ ենք հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի»։  

Բաբկեն Թունյանը ցանկանում էր պարզել, թե արտադրական կանեփի արտադրության օրինագծում կատարվող փոփոխությունը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա․

«Տիկի՛ն Նանուշյան, երեք անգան կոնկրետ հարց եմ տալիս, դուք կոնկրետ չեք պատասխանում։ Դրա համար էլ պետք է Էկոնոմիկայի նախարարությունն օրենքը ներկայացներ»։

Նիստին ներկա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պարզաբանում-արձագանքը լսենք.

«Երբ երկու տարի առաջ քննարկվում էր, թե ի՞նչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, մենք դիտարկում էինք այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտը, որի մասնաբաժինը զգալի կլինի մեր տնտեսության մեջ:

Հիմա՝ երկու տարի անց, երբ մենք ունենք միակ ընկերությունը, որն էլ ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն ունի՝ կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայելու»:

Էկոնոմիկայի նախարարը արձանագրեց, որ տվյալ պահին հանձնաժողովում այդ հարցը չի քննարկվում, այլ՝ ընդունված մոդելի մեջ փոփոխություններ են կատարում: Ըստ նրա՝ արտադրական կանեփի բիզնես մուտքի, լիցենզավորման և այլ վճարները մնում են շատ բարձր․

 «Ընդհանուր կարգավորումներն այնքան կաշկանդող են, որ այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական ազդեցություն չենք ունենա և հնարավոր է սրանից հետո մեկ տնտեսվարող սկսի աշխատել և մի քանիսն էլ լինեն, բայց այն կլինի մեկ ձեռքի մատների վրա հաշվվող ընկերություններ»։

Քերոբյանը հայտնեց նաև, որ փոփոխություններն, իրենց կարծիքով, լավն են, բայց ընդհանրապես մոդելը փոխելու կարիք կա՝ տնտեսական ազդեցությունը նկատելու համար: Էկոնոմիկայի նախարարը ձևակերպեց իրենց առաջարկը.

«Մեր առաջարկն է նստենք, մոդելի փոփոխություն մտածենք և այլ ռազմավարություն մշակենք ոլորտի զարգացման համար»։

Արտադրական կանեփը գյուղատնտեսական ծրագիր է և նպատակ կար այն դեգրադացված հողերի վրա իրականացնել՝ հավելեց Էկոնոմիկայի նախարարը: Քերոբյանը հայտնեց նաև, որ կար այլընտրանքին մոդելը իր ղեկավարած նախարարությունում, բայց երկու տարի առաջ ընդունվել է Առողջապահության նախաարության մոդելը: Բոլոր հարցերի համապարփակ քննարկման կարիք կա. արձանագրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովը՝ հավանություն չտալով նախագծին։ 

Կարդացեք նաև
Close
Back to top button