ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՆԳ նախարարության հետ

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։

Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որն արդեն 30 տարվա պատմություն ունի և հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։

Ներքին գործերի նախարարը, հյուրերին ներկայացնելով գերատեսչության բարեփոխումների ընթացքը, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման հարցում բարձրորակ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագիրը։

Վահե Ղազարյանն իր խոսքում նշել է նաև ջրային պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ստեղծման մանրամասներ։

Ներքին գործերի նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ Ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը:

Ջեյմս Էփլգեյթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշանակման կապակցությամբ շնորհավորել է Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթել։ Դրական գնահատելով ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել է պարեկների վերապատրաստումներն ու քաղհասարակության հետ փոխգործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև պարեկային ծառայության՝ վերջին չորս մարզերի ընդունելության, ստորաբաժանումում կանանց ներգրավվածության խթանման, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության, ոստիկանների ատեստացիային և վերապատրաստումներին վերաբերող այլ հարցեր։

Back to top button