ԿարևորՔաղաքական

Խորհրդակցություններ Արցախում՝ քաղաքական ուժերի ծրագրերից ընդունելին գտնելու համար

Բրյուսելյան հանդիպումից հետո Արցախի Վերածննդի հրապարակում նախօրեին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու առաջարկ էր հնչել։ Ինքը՝ Բաբայանը, նշել էր, որ խոսքը ոչ թե իշխանության համար պայքարի, այլ Արցախում ստեղծված բարդագույն իրավիճակից ելքեր գտնելու մասին է։ Հանրահավաքից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հայտատարել, որ խորհրդակցություններ է սկսում  Վերածննդի հրապարակում  հնչած առաջարկների շուրջ:

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն Արցախում ստեղծված բարդագույն իրավիճակից դուրս գալու 5 կետանոց առաջարկ է ներկայացնում։ Կարծում է՝ դրանք հենց այն առաջնահերթ քայլերն են, որոնք պետք է անհապաղ կյանքի կոչվեն։ Առաջարկների մեջ շեշտվում է  պաշտպանունակության հարցը՝ պրոֆեսիոնալ բանակի կազմավորմամբ, դեմոգրաֆիական խնդիրները լուծելու, տնտեսությունը վերականգնելու և ծնելիությանը զարկ տալու անհրաժեշտությունը, կարևորվում են սոցիալական թիրախային քայլերը։

«Մեզ որևէ պայքար պետք չէ, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծագործենք և լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան, և մենք պետք է գնանք այս ճանապարհով։ 100 օրում պետք  է կատարենք, եթե չկատարենք, կդառնանք սուտասան։ Ինձ պաշտոն չի հետաքրքրում, եկել եմ ձեզ ծառայելու, կլինենք հայեցի ու անկախ»։

Բաբայանը խոստանում է պետնախարարի պաշտոնում նշանակվելու դեպքում կարճ ժամանակում իրականացնել նշված կետերը։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ ներքին ռեսուրսներն օգտագործելով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկը ճիշտ մոտեցում է։ Հիշեցնում է՝ Սամվել Բաբայանը Արցախի ազատագրման հիմնադիրներից է։ 1991 թվականին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, ձերբակալվել և կես տարի գերության մեջ է գտնվել նախ Շուշիի, ապա՝ Բաքվի բանտում։

«Նա Արցախի ազատագրման ակունքներում կանգնած մարդ է, Արցախի հերոս է, և Արցախում այս պահին իր նման 40 հազար  հերոս չկա, որ էդ մեկի ռեսուրսն էլ չօգտագործենք ու մտածենք, թե ում նշանակենք։  Առաջարկում են նրան նշանակել պետնախարար և օգտագործել ներքին ռեսուրսները»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններն, ըստ փորձագետի, պետք է հնարավորություն համարել․ եթե Ստեփանակերտը բանակցի Բաքվի հետ, կդառնա միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ասում է։

«Այսքան ժամանակ Արցախի հետ ո՞վ է բանակցել։  Հիմա հնարավորություն կա, սա նշանակում է, որ Արցախը դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ, և տգիտություն է ասել, թե Միշելի հայտարարությունը կործանարար է»։

Արցախում, սակայն, տրամադրությունները հակասական են, Վերածննդի հրապարակում հնչած առաջարկների շուրջ  հանրային վերաբերմունքը միանշանակ չէ՝ «Ռադիոլուրին» ասում է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ Արցախում քաղաքական տարբեր ուժեր կան, որոնք ծրագրեր ու առաջարկներ ունեն։ Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել՝ առաջարկների ու ծրագրերի շուրջ։ Նա վստահեցրել էր, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքը և փորձը՝ ի նպաստ երկրի անվտանգության, խաղաղության և Արցախի ժողովրդի բարօրության․

«Արցախում տարբեր քաղաքական ուժեր կան, որոնք ունեն իրենց ծրագրերը և պետք է ներկայացնեն դրանք և բնական է , որ պետք է խորհրդակցություններ անցկացվեն և ընդունելի տարբերակ գտնվի։ Եվ կարևոր է, որ ցանկացած ընդունված որոշում ունենա հետևանքի պատասխանատվություն»։  

Խնդիրը ոչ թե իքս մարդու նշանակման հարցն է, ասում է արցախցի փորձագետը, այլ այն,  թե ինչ արդյունք կտա ներկայացված ծրագիրը ։

Back to top button