ԿարևորՀասարակություն

Պարեկներ ոչ միայն ցամաքում, այլև ջրում․ ԱԺ հանձնաժողովում նախագիծը հավանության է արժանացել

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել եւ հավանության է արժանացել «Ոստիկանության մասին» օրենքում նախատեսվող  փոփոխությունը, որով առաջարկվում է ջրային պարեկային ծառայության ինստիտուտ ներդնել։ 

Պարեկային ծառայություն ոչ միայն ցամաքում, այլ նաև ջրում։ Ջրային պարեկների ծառայությունը կսկսի գործել հոկտեմբերից, իսկ մինչ այդ դիմորդներն ամռան ամիսներին Սևանա լճում պրակտիկա կացնեն։

Կառավարությունն առաջարկում է Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ստեղծել, որը կկարողանա Սեւանա լճի մակերևույթին անմիջապես և դրա առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ունեցող ծառայություն։

Պահանջներն ըստ դրա ավելի խիստ կլինեն․ թեկնածուները պետք է լավ լողալ իմանան, ամուր նյարդեր ունենան, բազմաֆունկցիոնալ լինեն, որ անհրաժեշտության դեպքում նաև ծառայություն իրականացնեն ցամաքային հատվածում։

Ջրային պարեկների աշխատանքը միայն հանգստի սեզոնով չի սահմանափակվի։ Նրանք ամռանը լճի տարածքում  կպահպանեն հասարակական կարգը, իսկ ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն ապօրինի ձկնորսության դեպքերը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան․ «Մենք շատ են հանդիպում այնպիսի երևույթների, որ մարդը կարող է հարբած տարբեր մոտորանավակներ վարել, հասարական կարգը խախտել ու հանգիստը վերածել անհանգստության։ Մեր ջրային պարեկները կկարողանան միջամտել նման դեպքերին։ Եվ եթե լինեն այնպիսի նավավարման իրավունք ունեցող անձինք, որոնք տվյալ լողամիջոցը կվարեն ոչ սթափ, ոստիկանությունը կկարողանա մեկուսացնել տվյալ անձին ու նավը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։

Ծառայության պատշաճ իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ՝ ջրային պարեկային ծառայության հենակետեր, պահպանվող հատուկ տարածք և այլն։ Սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծվելու է 4 հենակետ՝ գործող 1–ի փոխարեն: Նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները կանխարգելելը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը  Սևանի ափամերձ տնտեսվարողներին  հորդորում է պատրաստվել, քանի որ գալիս են լողորդ պարեկները։ Նկատում է՝ այդ պարեկների աշխատանքը բավականին բարդ է լինելու։

«Ջրային պարեկները դառնալու են «հաբռգածների» աչքը փուշը։ Ծառայության ընթացքում միանգամից առնչվելու են հանրային բախման հետ, սկսելու են պարեկներին վարկաբեկել, վայ, սրանք եկան նորից, չեն թողնում մարդ հանգստանա, մի կտոր հաց ուտենք, բա խորովածը կերանք, օղի չխմե՞նք, բա օղին խմենք, ջուրը չմտնե՞նք խեղդվենք»,- ասաց Քոչարյանը։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, փարատելով Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը, նշում է, որ պարեկային ծառայության այս ստորաբաժանումը տարբերվելու է մյուսներից։ «Ես կարծում եմ՝ լուծումը հետեւյալն է լինելու՝ ամենաառաջինը, ֆիզիկական պատրաստվածություն, որի մեջ մտնում է ֆիզիկական եւ ինտելեկտուալ պատրաստությունը։ Ամենակարեւոր կոմպոնենտներից է տեխնիկական հագեցվածությունը։ Նրանք պետք է ունենան եւ համապատասխան տեսախցիկներ, եւ կարողանան ձայնագրել, եւ դրանք ամրագրել որպես քրեական կամ վարչական գործի նյութ»։

Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:

Back to top button