ԿարևորՔաղաքական

Այս անգամ խոսակցությունն առավել առարկայական էր. ԱԳ փոխնախարարը՝ Բրյուսելի բանակցությունների մասին

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բանակցություններին:

Բանակցություններից հետո ԵԽ նախագահն իր հայտարարությունում ընդգծել էր, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վերջերս Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ՝ փոխնախարարն ասաց. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»:

Անդրադառնալով ԵԽ նախագահի հայտարարությունում փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հիշատակմանը՝ փոխնախարարն ասաց՝ նշանակում է  այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային միության փլուզման պահին: «Խոսքը դրա մասին էր, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը, պարզապես վերահաստատում էր այդ սկզբունքը»,-նշեց փոխնախարարը:

Նա շեշտեց՝ հանդիպումն ավելի ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն: «Եվ այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-ասաց Հովհաննիսյանը:

Back to top button