Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանային գիշերվան ընդառաջ կվերաբացի իր մշտական ցուցադրությունը, որը, ինչպես թանգարանի տնօրենն է ասում, նոր շերտեր է բերելու։
«Մենք նախատեսում ենք վերաբացել հնագույն շրջանի, հատկապես Բրոնզե դարից մինչև Անտիկ շրջանի հատվածը։ Մի քանի հազար ցուցանմուշ, եզակի ցուցանմուշներ, որոնք պահանջված են նաև աշխարհի մի շարք հայտնի թանգարանների կողմից» , – ասում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Ցուցանմուշները ներկայացվելու են ըստ ժամանակագրության, որպեսզի այցելուն հնարավորություն ունենա ճամփորդել ժամանակների միջով, որտեղ տեսանելի կլինի նաև ժամանակների առանձնահատկությունը՝ մեկնաբանում է Դավիթ Պողոսյանը։
Պատմության թանգարանի տնօրենը շատ է կարևորում արժանահավատ և գիտելիքի վրա հիմնաված տեղեկատվությունը։ Գիտական հիպոթեզները ներկայացվելու են փոքրիկ շարժապատկերներով, հիմված են լինելու ցուցադրվող նյութի վրա, որը թույլ կտա ավելի խորությամբ զգալ և ճանաչել տվյալ ժամանակի մշակույթը։
Սեփական ինքնության առանձնահատկությունները ներկայացնելիս կարևոր է շեշտել նաև փոխազդեցությունները այլ մշակույթների ու քաղաքակրթությունների հետ։ Թանգարանները այն կարևոր տարածքներն են, որոնք ստեղծում են ինքնաճանաչման հնարավորություններ և՛ լոկալ, և՛ գլոբալ համատեքստում։
Հայաստանի պատմության թանգարանը միջազգային նախագծերի ու ցուցահանդեսների կազմակերպման քանակով և մասշտաբներով Հայաստանում ամենաշատ միջազգային կապեր ունեցող հաստատություններից մեկն է։