ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնն առաջարկում է Բրյուսելում քննարկել զորքերի հետքաշման առաջարկը

Սահմանային լարվածության ֆոնին դիվանագիտական հանդիպումների ինտենսիվությունը չի նվազում։  Առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև  բանակցություններ սպասվում են Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում։ Վերջինից Բաքուն փորձում է հրաժարվել՝ առաջ քաշելով իր նախապայմանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կմասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Բաքվի վերապահումները վերաբերում են Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը։

Չնայած այս հայտարարությանը` Եվրամիությունը վերահաստատել է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Քիշնևում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մայիսի 14-ին Բրյուսելում կքննարկեն կոնկրետ մի հարց, որը եղել է պետքարտուղար Բլինքենի առաջարկներից մեկը։ Դրա էությունը բացահայտել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վենդատ Պատելը՝ անդրադառնալով վերջին օրերին Սոթքում լարվածության աճին։

«Երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպման ժամանակ համաձայնեն սահմանի երկայնքով հետ քաշել իրենց զորքերը, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ, երբ նրանք մայիսի սկզբին մասնակցում էին բանակցությունների այստեղ՝ Վաշինգտոնում»։

Ամերիկացի դիվանագետի գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի բրյուսելյան հանդիպումը կարելի է համարել արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։ Իսկ գրանցված լարվածությունը, ըստ Պատելի, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն խաղաղություն։

Բրյուսելից 5 օր հետո արտգործնախարարներին ընդունելու է Մոսկվան։ Մայիսի 19-ին ՌԴ մայրաքաղաքում սպասվող հանդիպման մասին լուրը հաստատել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հստակեցնելով, որ տարբեր մայրաքաղաքներում տարբեր միջնորդներով հանդիպումները չեն նախատեսում նոր ձևաչափի ստեղծում։ Դրանք, փոխարտգործնախարար ի, պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։

«Ամերիկյան կողմը հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի ստեղծեր դրական մթնոլորտ, հնարավոր պայմանագրի շուրջ մոտեցներ դիրքորոշումները։ Իհարկե, դեռ կան մի շարք հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն։ Հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի արտգործնախարարների մակարդակով Մոսկվայում հանդիպումը, և կլինեն այլ հանդիպումներ նույնպես։ Խոսքը առաջ տանելու մասին է, որևէ նոր ձևաչափ ստեղծելու մասին խոսք չի եղել։ Խոսքը հիմնական փաստաթղթի շուրջ է, որը պետք է խաղաղության հաստատմանը վերաբերվի, ինչպես նաև այլ հարակից հարցերի՝ թե՛ դելիմիտացիան, թե՛ ճանապարհային ուղիների բացումը և, իհարկե, ԼՂ հայության անվտանգության և մարդու իրավունքների խնդիրը»։

Բանակցություններից առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքում սադրանքի դիմելու Ադրբեջանի քայլերին փոխարտգործնախարարը չի անդրադառնում։ Սպառիչ է համարում ՀՀ վարչապետի և Արտաքին գործերի նախարարության արձագանքները։    

«Ցավոք, նոր գործելաոճ չէ։ 1995 թվականից եմ արտգործնախարարության համակարգում և չեմ հիշում մեկ բանակցություններից փուլ, երբ չլինեն նման սադրանքներ կա՛մ մինչև հանդիպումներ, կա՛մ հանդիպումներից հետո։ Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»։

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը դեռ կա 2 օր։ Սոթքի ուղղությամբ սադրանքի երկրորդ օրը Ադրբեջանը կիրառել է անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմից երկու զինծառայող է վիրավորել։ ԱԺ մի շարք պատգամավորներ մեկնել են այդ ուղղությամբ։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը կապի դուրս եկան Կութից։

-Արդեն հասցրել ենք լինել նաև Սոթքում։ Առավոտյան տեղեկանալով, որ թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինչպես հիմա էլ լսեցիք ձայները, կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ, ժամանեցինք այստեղ, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին։ Դեպքի Սոթք եկող գլխավոր ճանապարհին ռազմական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու պատգամավորներին արգելում է այդ ճանապարհով տեղ հասնել։ Մենք այլ ճանապարհով կարողացանք Սոթք հասնել։

-Սոթքում տեղեկացանք, որ բնակիչները չեն տարհանվել։ Նույնն էլ այստեղ է։ Բնակիչները գյուղում են մնացել։

-Սա առաջին, երկրորդ դեպքը չէ, որ կրակում են։ Սա գրեթե սովարական առօրյա է դարձել այստեղ ապրող հազարավոր քաղաքացիների համար։  

Իրավիճակին փորձում է ծանոթանալ նաև խորհրդարանական մեծամասնությունը։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախարար Արմեն Խաչատրյանը հաստատում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի ու արտգործնախարարի հետ փակ հանդիպում է ունեցել։

— Կուսակցական անդամների միջև հանդիպում էր, նաև Արարատ Միրզոյանն է եղել։

-Անվտանգայի՞ն հարցերի շուրջ էր։

-Այո։

-Բանակցությունների հետ կապված ի՞նչ են ասել։

-Մնացածը հետո էլի, խնդրում եմ։

Բանակցությունների մեկ այլ հարթակում՝ հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված հանդիպմանը մասնակցելու համաձայնություն հայկական կողմը տվել է։ Նախատեսվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարող է հնգակողմ հանդիպում կազմակերպվել, որտեղ Փաշինյան-Միշել-Ալիև եռյակին կարող են միանալ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի կարծիքով հնարավորությունը հեռանկարային է, թեև հայտնի է, որ  Ադրբեջանը վերապահումներ ունի Ֆրանսիայի միջնորդության վերաբերյալ։ Մակրոնի մասնակցությամբ նման նախորդ հանդիպումը տապալվել էր Ադրբեջանի պատճառով։

«Իմ կարծիքով, որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցվել, որ եթե ԵՄ-ն է աջակցում այդ գործընթացին, ապա ԵՄ երկու առավել ազդեցիկ երկրների մասնակցությունը միայն կարող է դրական ազդեցություն ունենալ։ Որպես 30 տարվա ՄԽ համանախագահող Ֆրանսիան իր դերակատարումը որպես անաչառ միջնորդ ապացուցել է։ Մնացածը պարզապես ինչ-որ մանիպուլյացիայի դաշտից է»։

Նախօրեին Ադրբեջանն արդեն փորձել է հիմք ստեղծել քիշնևյան հանդիպումից հրաժարվելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե այդ հանդիպմանը մասնակցելու համաձայնություն պաշտոնական Բաքուն դեռ չի տվել։

Այդ հայտարարություններին արդեն արձագանքել է Բրյուսելը։  Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը հաստատել է՝ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:

Back to top button