ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը սադրանքներով փորձում է հնարավորինս բարձր գնով խաղաղություն «վաճառել» Հայաստանին

Ադրբեջանի հերթական սադրանքը հաջորդեց վաշինգտոնյան բանակցություններին և նախորդում է Բրյուսելում ու Մոսկվայում սպասվող հանդիպումներին։ Փորձագետները նկատում են՝ ադրբեջանական այս ձեռագիրը նորություն չէ։ Բաքուն փորձում է հնարավորինս բարձր գնով խաղաղություն «վաճառել» Հայաստանին։

Ցանկացած բանակցությունից առաջ ու հետո Ադրբեջանը միշտ է դիմում սադրանքների։ Փորձագետները նկատում են՝ դա սովորական ձեռագիր է դարձել Բաքվի համար։

Սոթքի ուղղությամբ մայիսի 11-ի սադրիչ գործողությունները հաջորդեցին արտգործնախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին և նախորդում են Բրյուսելում սպասվող Ալիև-Փաշինյան-Միշել եռակողմ հանդիպմանը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է. «Ադրբեջանը հատկապես փորձում է տապալել Արևմուտքի կամ Եվրոպայի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները և, ընդհանրապես, այդ գործընթացը։ Որովհետև բանակցությունների բուն էությունը և բուն իրավիճակները չեն բխում ադրբեջանական առավելապաշտական շահերից»։  

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ սադրանքով փորձում է վիժեցնել վաշինգտոնյան բանակցություններում արձանագրված փոքրիկ առաջընթացը, որի մասին բարձրաձայնվեց։  

«Չեմ կարծում, որ մեկ փոքր սադրանքը ընդհանուր առաջընթացի վիժեցում է։ Ուղղակի առաջընթաց կարող է լինել ինչ-որ փոքր հարցերում, բայց առջևում շատ ավելի մեծ, կարևոր հարցեր են, որոնց վերաբերյալ նույնպես պետք է լինեն բանակցություններ, ու Ադրբեջանը փորձում է ճնշումները մեծացնել Հայաստանի վրա, որպեսզի այդ բանակցություններում ավելի մեծ հնարավորություններ ունենա՝ ավելի շատ ստանալու»։    

Խաղաղությունը գին ունի և սադրանքներով Ադրբեջանը փորձում է դրա դիմաց հնարավորինս բարձր գին ստանալ Հայաստանից։ Դրան, ուղղակի, պետք է պատրաստ լինել և համարժեք պատասխան տալ՝ ձևակերպում է Ղևոնդյանը։

«Հայկական կողմը պետք է միշտ արթուն լինի, սթափ լինի և սպասի նոր սադրանքների։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ սադրանքները լինեն սահմանին կամ պարտադիր չէ, որ լինեն ռազմական բախման տեսքով։ Հիբրիդային պատերազմի շատ ձևեր են օգտագործվում, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրանց բոլորին»։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը սահմանային ռազմական սադրանքներով փորձում է շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ ինքը ռազմական հաջողություններ գրանցած՝ հաղթած երկիր է, հետևաբար և՝ ինքն էլ պետք է լինի թելադրողը բանակցություններում։

«Հիմնական նպատակը դա է․ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն է թելադրողը և, եթե գնում ենք բանակցությունների ճանապարհով, ապա պետք է հաշվի առնենք ադրբեջանական, այսպես ասենք, «թելադրությունը» և ըստ այդմ շարժվենք։ Կարծում եմ՝ բուն նպատակը հենց դա է»։   

Այն, որ Ադրբեջանը սադրանքի է դիմում նաև ԵՄ դիտորդների աչքի առաջ, փորձագետը զարմանալի չի համարում։

«Միջազգային կառույցների ներկայացվածությունը, այդ թվում՝ նաև ԵՄ դիտորդների ներկայացվածությունն իրականում զսպող մեխանիզմի դերակատարություն չի կարող իրականացնել, ոչ մի զսպող մեխանիզմ չի կարող հանդիսանալ»։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ տվյալ դեպքում եվրոպական դիտորդները պարզապես  Եվրոպայի կամ Արևմուտքի «ականջներն» են տարածաշրջանում, որոնք ուղղակի առանց միջնորդավորման տեղեկություններ են փոխանցում միջազգային կառույցներին, որոնք էլ այդ ինֆորմացիան ընկալում են որպես առավել օբյեկտիվ, քան ադրբեջանական կամ հայկական կողմից տրված տեղեկությունները։

Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ, սակայն, ԵՄ դիտորդների ներկայությունը  զսպում է ավելի մեծ ու լայնամասշտաբ գործողությունները։

«Ադրբեջանն, ուղղակի, այդպիսի գործողություններ իրականացնելու հետևանքների մասին մտածելով, շատ դեպքերում զերծ է մնում ավելի խոշորամասշտաբ գործողություններ իրականացնելուց»։

Այնուամենայնիվ, Ղևոնդյանը հավելում է, որ ոչ մի դիտորդ, կոչ, հայտարարություն կամ զանգ չի կարող ընդհանրապես բացառել սադրանքները։ Նրա խոսքով՝ իրավիճակը փոխելու համար Հայաստանը պետք է այնքան ուժեղ լինի, որ յուրաքանչյուր սադրանքի մի քանի անգամ ավելի ուժգին պատասխան հաջորդի։

Back to top button