ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԹ դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի հետ

Կրության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարին հանդիպման համար՝ կարևորելով հայ-բրիտանական երկկողմ կապերի զագացումը կրթության ոլորտում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում մեկնարկած լայնածավալ փոփոխությունները՝ ընդգծելով, որ կրթության բոլոր աստիճաններն ընդգրկող բարեփոխումների շղթայում առավել դինամիկ են հանրակրթության փոփոխությունները։ Նախարարը նշել է, որ ՀՀ դպրոցներում առաջիկա ուսումնական տարվանից ներդրվելու է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը մեծ պատասխանատվություն և հավելյալ ջանքեր է պահանջում։

«Բարեփոխումների գլխավոր նպատակը կրթության որակի բարելավումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Այս համատեքստում քննարկվել է երկկողմ համագործակցության հնարավորությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման, կրթության տեսչության՝ որպես վերահսկող մարմնի գործունեության բարելավման, ինչպես նաև գնահատման նոր մոտեցումների արդյունավետ կիրառման ուղղություններով։ Անդրադարձ է եղել նաև արտադպրոցական ծրագրերի զարգացմանը՝ կարևորելով համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Back to top button