ԿարևորՔաղաքական

ԵԽ-ն պաշտոնապես հաստատել է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը մայիսի 14-ին

Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը հաստատել է, որ մայիսի 14-ին նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։

Ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպմանը։

Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպումով, 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար:

Նախագահ Միշելը նույնպես մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ անգամ հանդիպելու ԵՀԽ հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում»,- ասված է հաղորդագրությունում։

Back to top button