ԿարևորՔաղաքական

Շաբաթվա սկիզբը Մոսկվայում, ավարտը՝ Բրյուսելում․ բանակցություններից գոհ են միայն միջնորդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը կմասնակցի  մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Պաշտոնական այս հաղորդագրությունից բացի դեռ նախորդ շաբաթվանից՝ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումներից հետո հայտնի էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին առնչվող հարցերը քննարկվելու են նաև Մոսկվայում։  

Մինչև Մոսկվան, սակայն, բրիտանական «Financial Times»-ն ազդարարել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր նոր հանդիպումների մասին Բրյուսելում և Քիշնևում։ Բրիտանական պարբերականի տեղեկությունները Հայաստանի կառավարությունը չի հաստատել։ Բայց փաստ է, որ Արևմուտքն ինտենսիվացրել է շփումները կողմերի միջև, թեև վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներից առանձնապես գոհ չէին ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերը շաբաթը կսկսեն Մոսկվայում, կավարտեն, հավանաբար, Բրյուսելում։ Դրանց նախորդել են քառօրյա քննարկումները Վաշինգտոնում։ Ո՞ր մայրաքաղաքում, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ հարցեր են քննարկվում, առանձնապես չի մանրամասնվում։ Բանակցային մանրամասներին տեղյակ չեն անգամ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հավանական է համարում, որ բոլոր հանդիպումներից հետո բանակցողները հրավիրվեն խորհրդարան․

«Բացառված չէ, որ կհրավիրենք և կտեղեկանանք ամբողջի վերաբերյալ։ Սովորաբար այդպիսի պրակտիկա կա։ Ցանկացած քննարկում, բանակցություն արդեն դրական է։ Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսինն են։ Շատ լավ կլինի, որ մեր սպասելիքները իրականացված լինեն, բայց ինչպես տեսնում եք, դա բավականին դժվար պրոցես է, և սպասելիքների առումով երկար ճանապարհ դեռևս անցնի»։

Վաշինգտոնյան փուլից գոհ է մնացել թերևս պետքարտուղար Բլինքենը։ Արտգործնախարարների մակարդակով քառօրյա բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը թվարկել է Հայաստանի համար կարևոր այն 5 առանցքային հարցերը, որոնք այդպես էլ մնացել են առկախված, Ադրբեջանի արտգործնախարարն էլ դժգոհել է, որ բանակցությունները չեն արդարացրել Բաքվի  սպասելիքները։ Այս ամենից արված ենթադրությունները «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է ֆեյսբուքյան գրառման տեսքով։

«Եթե Ադրբեջանը չի համաձայնում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի»:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանից սադրանքներ սպասվում են միշտ։

«Ադրբեջանի պարագայում վստահ եմ, որ միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե այդ սադրանքներն ինչ մակարդակի են լինելու։ Բոլոր հարցերը բանակցային պրոցեսներում և տարիների ու երկարատև քննարկումների խնդիրներ են։ Դա կախված է նաև ՀՀ դիմադրողականության, աշխարհաքաղաքական փոփոխության հետ, բայց ամեն դեպքում ամեն ինչ արվում և արվելու է, որպեսզի ԼՂ բնակչության անվտանգության մակարդակը ապահովվի, ինչը այսօր այդպես չէ։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սադրել, անգամ էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում։ Սա տեսանելի է, ինչքան էլ, որ նրանք փորձեն այլ շղարշով սա փակեն։ Եվ ամերիկյան, և Մոսկվայում բանակցությունների հիմնական, առանցքային մասերը հենց նաև այս հարցերն են»։  

Վաշինգտոնից հետո Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները հուշում են, որ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից։ Այս դեպքում ինչ կարող է տալ Մոսկվան։ Պաշտոնական հաղորդագրությունը փաստում է՝ Հայաստանի վարչապետը մոսկովյան այցը աշխատանքային է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով , իսկ նպատակը ոչ թե  բանակցություններն են, այլ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելը:  

Բայց հասկանալի է, որ տարածաշրջանի խնդիրները շրջանցել հնարավոր չի լինի, հատկապես այն իրավիճակում, երբ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ընկալմամբ՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը միջնորդից վերածվել է կողմի։

«Վաշինգտոնյան ռաունդ կլինի, թե բրյուսելյան, մի շատ կարևոր հանգամանք կա, որ բանակցությունների թերի կամ ոչ ամբողջական են դարձնում։ Ակնհայտ է, որ գոնե այս պահին առանց ռուսական մասնակցության սկզբունքային խնդիրներ լուծվել չեն կարող։ Ամբողջ խնդիրն այն է, որ «գետնի վրա» տարածաշրջանում ներկա Ռուսաստանը և եթե շրջանցվում է նրա մասնակցության, նրա հետ խնդիրներ քննարկելու մարտավարությունը կամ որդեգրվում է այդպիսի մարտավարություն, ձեռք բերված հնարավոր համաձայնությունները կարող են չկատարվել»։

Վերլուծաբանները փաստում են՝ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելը կողմերին միջնորդական հարթակներ են առաջարկում, բայց երաշխավոր չեն դառնում։ Պաշտոնական Երևանը մի քանի անգամ արդեն ակնարկել է՝ կարևոր է համարում միջազգային տեսանելի մեխանիզմների և պայմանավորվածությունների երաշխավորի ինստիտուտների կայացումը։

Մոսկովյան հանդիպումներից առաջ արդեն ազդարարվել է ևս երկու հնարավոր հանդիպման մասին։ Մեկը շաբաթվա վերջին՝ մայիսի 14–ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումն է՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Մյուսը տեղեկությունն է հունիսի 1-ին  Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան–Ալիև–Միշել հանդիպման  մասին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս տեղեկությունները հրապարակել է բրիտանական «Financial Times»-ը՝ հղում անելով հանդիպումները նախապատրաստող երեք աղբյուրի վրա։

Բրյուսելում, ապա Քիշնևում հնարավոր հանդիպումների մասին տեղեկությունը պաշտոնական Երևանը դեռ չի հաստատում։ Մինչ այդ  վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ բրյուսելյան հարթակից Ադրբեջանի նախագահը ժամանակին հրաժարվեց՝ հիմնավորելով Ֆրանսիայի նախագահի կողմնակալությունը, մինչդեռ Հայաստանն այդ հարթակը տեսնում էր բացառապես քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Եթե հանդիպումների մասին ազդարարող  աղբյուրը ճիշտ է, ապա ստացվում է, որ Հայաստանը նահանջում է նաև այդ սկզբունքից։

Back to top button