ԿարևորՀասարակություն

Ե՞րբ կվերանան կուտակումները  Լարսում                       

Լարսի անցակետում գործող ինն ուղիներից չորսում վրացական կողմն արդեն սկսել է շինարարությունը՝ «Ռադիոլուրին»հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ թեթև մարդատարների հոսքը տեղափոխվել է երկու բեռնատար ուղիներ։ Նախօրեին պետական եկամուտների կոմիտեն, հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը, հայտնել էր, որ մայիսի 5-ից «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։

Իսկ այս պահին Լարսի անցակետում կուտակումները շարունակվում են։ Վահան Հակոբյանն ասում է, որ Հայաստանից դուրս է եկել ու վրացական սահմանը դեռ չի հատել մոտ 900 բեռնատար մեքենա, հակառակ կողմից էլ մոտ 200 բեռնատար է հերթում սպասում։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի խոսքով՝ 50 բեռնատար մեքենաները հայկական են։ Ստեղծված իրավիճակը պայմանավորված է չաշխատող ռենտգեն սարքերի հետ։ Բայց արդեն մի քանի օր է՝ դրանք վերանորոգվել են,և նախորդ օրերին միջին թողունակությունը Լարսում կազմել է 400–500 բեռնատար։ Նրանցից 200–250 հայկական են։

«Արդեն վերադարձել ենք կայուն վիճակին, երբ հայկական բեռնատարները իրենց թիվը պահում են։ Այս ծավալը թույլ կտա, որ հերթերը առավելագույնը տասը օրվա ընթացքում վրացական կողմում կրճատվեն»,– կարծում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը։ Ընդհանուր առմամբ, անցակետի թողունակությունն ընկել էր, ռուսական կողմում մինչև 400 մեքենա էին սպասարկում, բայց ռենտգեն սարքերի բացակայութան պատճառով մոտ 200 մեքենա էին սպասարակում։ Անգամ այդ ծավալի մեջ միջինը 120 մեքենա լինում էր հայկական։ Այժմ, սակայն, 200–250 մեքենա է ամեն օր անցնում ռուսական հատված։

Կան արդյո՞ք խնդիրներ մարդատար մեքենաների հետ կապված

Մարդատար մեքենաների մասով, որպես այդպիսին, խնդիր չկա։ Դրանք առաջանում են հիմնականում այն ժամանակ,երբ կուտակումները ինչ– որ մի պահի շատ են լինում։ Այսպես հնարավոր է այն դեպքում, երբ ռուսական կողմում հսկողությունը երկար է տևում, այսինքն՝ կայուն կուտակումներ երբեք չեն լինում՝ պարզաբանում է Վահան Հակոբյանը ։

Կուտակված բեռնատարների մեջ կան նաև հայկական գազատար մեքենաներ

Վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվում։ Սրան զուգահեռ բարձրանում է նաև գազիգինը։ Կուտակված բեռնատարների մեջ կան նաև հայկական գազատար մեքենաներ, որոնք պետք է ՌԴ–ում լիցքավորվեն ու հեղուկ գազ ներկրեն Հայաստան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի պարզաբանմամբ, այդ մեքենաները վրացական կողմում ընկնում են հերթերի մեջ, չեն կարողանում ՌԴ հասնել, լիցքավորվել ու վերադառնալ։ Վահան Հակոբյանն անձամբ էլ տնտեսվարողներից զանգեր ու բողոքներ ստանում է։ Նրանք դժգոհում են, որ վրացական կողմը թույլ չի տալիս, որ գազատար մեքենաները արտահերթ սպասարկվեն։ Վրացական կողմն էլ իր պատասխանն ունի՝ նրանք ոչ մի արտոնություն չունեն մյուս մեքենաների նկատմամբ, անկախ նրանից, թե որ երկրի մեքենաներն են՝ հայկական, ռուսական, թե վրացական։

Ակնկալվում է, որ անցակետի թողունակության մեծացման արդյունքում այս պահին եղած կուտակումները յոթից տասը օրվա ընթացքում կվերանան, դրա հետ կվերանա նաև գազատար մեքենաների խնդիրը։

Back to top button