ԿարևորՀասարակություն

«Թաքնված» գրադարանը սպասում է. «հումանիտարները» կգտնեն բացառիկ նմուշներ

Հնատիպ գրքերի կողքին նոր հրատարակություններ, որոնց մի մասը հասանելի չէ անգամ օնլայն տարբերակով: Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գրադարանը տպավորիչ հավաքածու ունի՝ բազմագիտակարգ ու բազմալեզու։  Գրքերի պահոցն ու ընթերցասրահը նաև աշխատելու հարմար  վայր են հետազոտողների համար։

«Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության». Աշխատության հեղինակն Աշոտ Հովհաննիսյանն է՝ պատմաբան, որը, 1913 թ.-ին դոկտորի կոչումով ավարտելով Մյունխենի համալսարանը, վերադարձել է հայրենիք, պաշտոնավարել Շուշիի հոգևոր սեմինարիայում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

Այսօր Երևանում պատմաբանի անունով հումանիտար հետազոտությունների ինստիտուտ է գործում, որի ամենաարժեքավոր անկյուններից մեկը գրադարանն է։

«Սա մեր հնատիպ կամ հազվագյուտ գրքերի բաժինն է, որը աչքի լույսի պես պահում ենք, բացի հայալեզու գրքերից ունենք նաև օտարալեզու գրքեր»։

Արվեստաբան Իրինա Շահնազարյանը ընթերցասրահի աշխատանքը համակարգողներից է։ Շեշտում է՝ կարևոր է, որ գրադարանը լինի ինչպես բազմագիտակարգ, այնպես էլ բազմալեզու։  Հենց նրա հետ էլ բացում ենք հնատիպ գրքերի դարակաշարի դուռը։

«Սա մեր Մխիթարյան հրատարակությունն է՝ «Վարք նախնի իմաստասիրաց», 1826 թվական։ Այս մեկն էլ, մեր ծանոթ գրավաճառներից մեկը զանգեց ու ասաց՝ ձեզ համար հատուկ գիրք ենք ստացել, եթե ուզում եք, կարող եք արագ գալ վերցնել։ Հեգելի գրքերից մեկն է, որը տպագրվել է նրա կենդանության օրոք, Բեռլինում։

Էստեղ էլի հետաքրքիր գործեր կգտնեք, օրինակ,  մենք ունենք  2 հատ  «Սայաթ Նովա»։ Նկարազարդումներից մեկն արել է Սարյանը, մյուսը՝ Կոջոյանը։ Մեկը 1945թ.-ի հրատարակություն է, մյուսը՝ 1932 թ.-ի։ Կոջոյանը գրաֆիկային ավելի է տեղ տվել, էստեղ կա նաև Սայաթ Նովայի պորտրետը»։

Գրադարանի հիմնական ֆոնդը բաղկացած է հումանիտար գիտություններին առնչվող գրքերից։ Ընթերցասրահի մշտական այցելուները ինստիտուտի հետազոտողներն են։ Նոր ընթերցողների համար մուտքն ազատ է։ «Մեր գրադարանը սկսել է տարածվել ամբողջ ինստիտուտով մեկ։

–Ընթերցասրահում քանի կտոր գիրք ունե՞ք /հեղ./։

–Մոտ 3000–ի չափ ունենք, գումարած՝ հնատիպի առանձին բաժինը, ամսագրերի և արվեստի բաժնին վերաբերող ալբոմները, Հովհաննիսյան արխիվը և այն կտորները, որոնք բուն ընթերցասրահից դուրս են այս պահին»։

Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտը 2014 թ.-ին հիմնել են հումանիտար գիտությունների սիրահար մի խումբ երիտասարդներ։ Թիմը սկզբում տեղավորվել է նրանցից մեկի՝ արվեստաբան, փիլիսոփայության գծով թարգմանիչ Վարդան Ազատյանի բնակարանում։ Այժմ ինստիտուտի  տարածքը տրամադրում է պետությունը:

Հետազոտողների թիմից Աշոտ Գրիգորյանի սեղանը լեփ-լեցուն է գրքերով։ Ուսումնասիրում է՝ ինչպես են Հայաստանում վերաբերվել քաղաքական փիլիսոփայության արևմտյան դեմքերից՝ Ժան–Ժակ Ռուսոյի գիտական ժառանգությանը։

«Ամեն հետազոտող ունի գրականության առումով իր կարիքները և դրանցից ելնելով՝ գրքեր են ձեռք բերվում»։

–Ռուսոյի վերաբերյալ գրքերը այլ գրադարաններում կարո՞ղ էիք գտնել» /հեղ./:

–Մի մասը կա, բայց, օրինակ, ֆրանսերեն ու անգլերեն գրքերը Հայաստանում չեմ գտել: Սրանք պատվիրել կամ նվեր ենք ստացել: Այս գրականության կեսն անգամ օնլայն տարբերակով չկա»:

Ինստիտուտի սաների համար պատմական հետազոտություն անելը արդիացման նախագծերում երևացող հակասությունները դիտարկելն է։ Աշոտ Գրիգորյանը պատմում է՝  իրենց աշխատանքի պտուղներից մեկը «Ներքին գրոց» մատենաշարն է:

«Դա փորձ էր մեր կողմից նորից վերադառնալու Եվրոպայում սովորած այն հայ ասպիրանտների հետազոտություններին, որոնք կային միայն օտար լեզուներով և երբեք չեն թարգմանվել հայերեն: Խոսքը «Արտաքին գրոցի» հակառակին է վերաբերում: «Արտաքին գրոցը» վաղ միջնադարում հայերի փորձն էր թարգմանելու արտաքին գրականությունը: Սա հակառակն է՝ մեր ներքին գրականությունը օտար լեզվից հայերենի թարգմանելն է, դրա համար կոչվում է «Ներքին գրոց»:

Հումանիտար գիտությունների ինստիտուտի գրադարանի ֆոնդը տարեցտարի հարստանում է նաև սեփական աշխատություններով:

Արվեստաբան Նարե Սահակյանը պատմում է՝ «Ներքին գրոց» մատենաշարի առկա հատորներն արդեն թղթյա գրքեր են՝ հասանելի իրենց ընթերցասրահում:

«Մատենաշարը դեռևս ունի 2 հատոր: Առաջինը Աշոտ Հովհաննիսյանի «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» ավարտաճառն է, որը պաշտպանել է 1913 թվականին, և մենք թարգմանել, ծանոթագրել և հետազոտությամբ համալրել ու տպագրել ենք:

Նույն կերպ նաև աշխատել ենք Միսակ Խոստիկյանի ավարտաճառի հետ: Միսակ Խոստիկյանը առաջին /հայ,-հեղ./ գիտնականն է, ով դոկտորական թեզ է պաշտպանել դրսում՝ Դավիթ Անհաղթի մասին:

Մենք քննական հրատարակություններ ենք անում, որը տեղակայում է, գիրքը, աշխատանքը, ստեղծագործությունը իր պատմական կոնտեքստում, և ընթերցողին թույլ է տալիս հղումների ցանցի միջոցով տեղակայել աշխատանքը մեր իրականության մեջ»:

Աշոտ Հովհաննիսյանի անվան  հումանիտար հետազոտությունների ինստիտուտը գտնվում է մայրաքաղաքի Խանջյան 19 հասցեում:

Զրուցակիցներս ինստիտուտի գրադարան այցելողներին խոստանում են «կենդանի» գիտական միջավայր:

Back to top button