ԿարևորՄշակույթ

Կես դար անց հայ կինոյի գլուխգործոցներից մեկը վերադառնում է Կանն

Մի քանի օրից Կաննի 76-րդ կինոփառատոնի դասական կինոյի փառահեղ բաժնում՝ Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին կցուցադրվի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, գրել է ֆեյսբուքյան իր էջում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

«Կես դար անց հայ կինոյի գլուխգործոցներից մեկը վերադառնում է Կանն արդեն որպես դասական՝ պրեմիերային հարիր վայելչափառ ռեստավրացված հագուստով։

Շնորհավորանքներ Հայաստանի Ազգային կինոկետրոնին և մեզ բոլորիս Հայ կինոյի հարյուրամյա հոբելյանի լավագույն նվերներից մեկի առթիվ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2023 թվականին իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։

Ֆիլմը մասնակցել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ 1967 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։

 

Back to top button