ԿարևորՔաղաքական

Բաքուն միշտ մերժել է համաձայնություններն ու պայմանավորվածությունները․ քաղաքագետը՝ Բլինքենի հայտարարած առաջընթացի մասին

Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցություններից հետո պետքարտուղար Բլինքենը խոսել է  գրանցված առաջընթացի մասին և հայտարարել՝ համաձայնագիրը հասանելի է կողմերին։ Քաղաքագետները, սակայն, առաջընթաց են համարում միայն այն, որ կողմերը կարողացան մի քանի օր շարունակ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ համաձայնության մասին խոսելը նրանք դեռ շատ վաղ են համարում։ Կան ձևակերպումներ, որ համաձայնությունը հեռացնում են տարիներով, օրինակ՝ էթնիկ փոքրամասնությունների մասին հիշատակումը։

«Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում»,-սա ամերիկյան հովանավորությամբ Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան քառօրյա հանդիպման մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատականն է։ Նրա եզրակացությամբ՝ երկու կողմն էլ անկեղծ հանձնառություն է դրսևորել հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում։

Վաշինգտոնի արվարձանում անցկացված բանակցություններում կողմերն, ըստ Էնթոնի Բլինքենի, քննարկել են մի շարք շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

 «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված մնացող հարցերի վերաբերյալ»,– նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը ողջունում է ամերիկյան կողմից բանակցությունների համար հարթակ տրամադրելը, սակայն կասկածում է Բաքվի անկեղծությանը։ Նա կարծում է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր հեռահար նպատակներից։ Ըստ այդմ՝ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ուղղությամբ նշվող առաջընթացի հարցում քաղաքագետը վստահություն չունի։

«Ժամանակավոր, տեղում կարող են համաձայնության գալ, բայց հետո վերադառնալ ու սպասել աշխարհաքաղաքական զարգացումներին՝ հանաձայնությունները վիճարկելու համար։

Քանիցս տեսել ենք համաձայնություններ, պայմանավորվածություններ։ Վերջնարդյունքում, սակայն, Բաքուն միշտ մերժել է ամեն տեսակի համաձայնություն ու պայմանավորվածություն»,– նշում է քաղաքագետը։

Բլինքենը, շեշտելով բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը, կարծիք է հայտնել, որ համաձայնագիրը իսկապես հասանելի է ։ «Կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան», — ասել է Բլինքենը:

Պետքարտուղարի համոզմամբ՝ խաղաղության համաձայնության ձեռքբերումը «ոչ միայն պատմական իրադարձություն կլինի, այլ նաև կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և շատ դրական հետևանքներ կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը առաջընթաց է համարում հենց միայն այն, որ կողմերը կարողացել են մի քանի օր շարունակ բանակցել, սակայն իրական առաջընթացի կամ համաձայնության հասնելու հավանականությունը, ըստ նրա, շատ հեղհեղուկ է․

«Տեղ գյուղի մերձակայքի ագրեսիայից հետ չէր արձանագրվել որևէ քայլ, որտեղ կհանախմբվեին, կնստեին, կզրուցեին դիվանագիտական խոսույթի համատեքստում։ Սա արդեն կարելի է առաջընթաց համարել։ Թեև չի կարելի բացառել, որ ցանկացած առաջընթացից հետո կարելի է երկու քայլ հետընթաց գրանցել։ Սա ադրբեջանական տրամաբանության համատեքստում է»։

Նա ավելի շատ ուշադրության է արժանացնում Բլինքենի կողմից միջազգային երաշխիքների բացակայության մասին հիշատակմանը, որ եթե անգամ հաշտություն էլ կնքվի Երևանի ու Բաքվի միջև, որևէ միջազգային երաշխիք չկա, որ դա հարատև կլինի։

Վաշինգտոնյան բանակցությունների օրակարգից թերևս ամենաշատ մեկնաբանությունների տեղիք տվեց էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու պաշտպանության մասին հիշատակումը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ՄՆ պետքարտուղարության անունից տեղեկացրեց, որ պաշտոնական Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

«Սա արդեն ական է հիմնախնդրի վերջնական կարգավորման հասնելու, քանի որ այս դեպքում արդեն պահանջվելու է տեղեկություն թե էթնիկ ինչ փոքարմասնույուններ են ապրել, ինչ չափով են ապրել, փաստաթղթերի հարց կառաջանա ու դա նշանակում է՝ տարիներով գնաց գործընթացը։

Այսինքն՝ պայմանավորվածություններ են, որ իրենք իրենցով ական են հանդիսանում։ Պետք է հասկանանք, որ ապրում ենք աշխարհակարգում, որտեղ վիճարկվում են ոչ միայն աշխարհաքաղաքական տիրույթները, այլև ինքնության հարցերը»,–ընդգծում է Գուրգեն Սիմոնյանը։

Չնայած ԱՄՆ պետքարտուղարի՝ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարություններին, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը «փոխըմբռնման առաջընթաց ունեցել են», սակայն «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Ըստ այդմ՝ Գուրգեն Սիմոնյանը հստակեցնում է, որ խաղաղության հասնելու հիմնասյունը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության բարձրացումն է, քանի որ չեն հարձակվում միայն ուժեղի վրա։

Back to top button