Առողջապահության նախարարությունն առաջարկում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման երկու տիպի համակարգ: Առաջինը վերաբերելու է օրդինատուրայում սովորողներին: Ենթադրվում է, որ դա ուսումնառության ընթացքում նաև գործնական ու աշխատանքային փորձ ստանալու հնարավորություն է:
Կառավարության նիստում, ներկայացնելով այս նախագիծը, առողջապահության նախարարն ասել է, որ անցումային լիցենզիայով օրդինատորները և ռեզիդենտները բժիշկների հսկողությամբ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու և իրենց հմտությունները լավացնելու հնարավորություն կունենան: Երկրորդը ամբողջական կրթություն ստացած մասնագետների լիցենզիան է: Մասնագիտական դաշտում, սակայն, որոշ անպատասխան հարցեր ունեն։
ՀՀ-ում բուժաշխատողները անհատական լիցենզավորում կանցնեն և ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կստանան: Այժմ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են միայն բժշկական հաստատությունները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հստակեցնում է՝ նախատեսում են ներդնել երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ․
«Առաջինը անցումային լիցենզավորումն է, որը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին։ Սա շատ կարևոր է, քանի որ նրանց հնարավորություն կտա ուսումնառության ընթացքում ունենալ նաև գործնական ու աշխատանքային փորձառություն։ Այժմ կրթական համակարգի նկատմամբ պահանջներն այդպիսին են։ Այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե բժշկի հսկողության տակ, մեր օրդինատորները և ռեզիդենտները մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կունենան՝ լավացնելով կամ ձևավորելով իրենց հմտությունները»։
Հաջորդ փուլում արդեն ամբողջական կրթություն ստացած մասնագեները կլիցենզավորվեն՝ հինգ տարով։ Նախարարն ասում է, որ երկար անցումային դրույթներ են նախատեսել։ Բացատրում է՝ լայնածավալ բարեփոխումներ են սկսել, որոնց համար ժամանակ է պետք․
«2024 թ հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն օրդինատորների համար: Ամբողջությամբ համակարգը կսկսի գործել 2026-ից»։
Անհատական լիզենզիան տրամադրվելու է որոշակի հմտությունների առկայության պարագայում՝ հինգ տարով։ Հետագայում այն կերկարաձգվի, եթե չլինեն կասեցման հիմքեր։ Իսկ այդպիսիք կարող են հանդիսանալ բժշկական խախտումը, հավաստագրման պահանջը չկատարելը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախաձեռնությանը դեմ չէ, բայց մտահոգություն ունի, որ ապագայում համացանցով առողջապահական ծառայություններ մատուցելը շատ տարածված կլինի։ Փոխվարջապետն առաջարկում է այդ դաշտի կարգավորման մասին մտածել․
«Ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք, այսինքն՝ լիցենզավորենք, բայց պարզվի, որ ծառայություն հնարավոր է մատուցել առանց լիցենզիայի»։
ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնության նպատակներն է պետք պարզել։ Նման համակարգ գործում է շատ երկրներում, Հայաստանում նույնպես կարճ ժամանակով գործել է այդ համակարգը։ Բայց մի շարք անպատասխան հարցեր կան։ Մասնագետը հիշեցնում է՝ 2016թ ներդրվեց շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը, որը ըստ էության հենց նույն նպատակն ուներ՝ պարբերաբար գնահատել բուժաշխատողների գիտելիքները, մեխանիզմներ ստեղծել դրանց բարելավման ուղղությամբ։ Առաջին փուլն ավարտվել է 2022թ դեկտեմբերի 31-ին։ Արդյունքում՝ Հայաստանում բուժաշխատողների մեծ մասը կրեդիտավորվել է։ Վերջնարդյունքում դա պետք է հանգեցներ սպասարկման որակի բարելավմանը՝ հիշեցնում է մասնագետն ու մի շարք մտահոգող հարցեր բարձրացնում․
«Ներդրվող լիցենզավորումը ինչպե՞ս է զուգորդվելու ՇՄԶ-ին, արդյո՞ք այստեղ բովանդակային առումով կրկնություն չկա։ Ունենք նաև նախորդ փորձը, երբ սկսեցին քննություն տալ, բայց պարզվեց, որ ֆորմալիզմի է վերածվել։ Ի՞նչ մեխանզիմներ է օրենքը նախատեսելում, որ այդ նախկին ֆորմալիստական մոտեցումը չկրկնվի։ Կա նաև երրորդ հարցը, որն անպայման պետք է օրենքի քննարկումների ժամանակ հասկանալ, մեր երկրում առայժմ բժշկական օգնություն ու սպասարկման իրավունք ունեն լիցնեզավորված բուժհաստատությունները։ Այժմ մարդը իրավունք ունի՞ իր տանը սպասարկելու, թ ե պետք է գնա բուժհաստատությունում աշխատի»։
Բացի այդ, Դավիթ Մելիք-Նուբարյանը ընդգծում է՝ պետք է այնպիսի մեխանիզմ մշակել, որ բուժաշխատողները կրեդիտներն իսկապես հավաքեն, ոչ թե դրանց մասին հիշեն լիցենզավորման հինգերորդ տարին լրանալուց վեց ամիս առաջ միայն։ Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կարևորության մասին պետք է նաև գործատուները չմոռանան՝ ասում է։ Դա ինքնանպատակ չէ։ Բուժաշխատողների 40 տոկոսը մասնավորի մոտ է աշխատում։ Ուստի կարևոր է, որ գործատուները իրենք էլ շահագրգռված լինեն իրենց աշխատողների մասնագիտական կրթության հարցում, օրինակ՝ վճարի գումարի մի մասն ու համապատասխան որակի պահանջի աշխատողից։
Օրենսդրական նախաձեռնությունը դեռ խորհրդարանում կքննարկվի։ Մասնագետը հույս ունի, որ անպատասխան հարցերն այդ ընթացքում պատասխան կստանան։