Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիա այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Առանձնազրույցից հետո Փաշինյանն ու Ֆիալան բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին երկու երկրների վարչապետները հանդես են եկել հայտարարություններով: Նրանք լրագրողներին հայտնել են, որ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ նվիրված Հայաստանի ու Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակին։
Երկկողմ օրակարգից զատ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալան անվտանգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի են անդրադարձել։ Կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բաց և հագեցած քննարկումներ՝ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը․
«Ընդգծել եմ նաև Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիթորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Ցավով պետք է նշեմ, որ, ի հեճուկս բոլոր ջանքերի, մեր տարածաշրջանում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ-ում և Լաչինի միջանցքում»:
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած միջանկյալ որոշման կոպիտ խախտում է՝ հայտարարեց Հայաստանի վարչապետը: Արդեն 4 ամիս ԼՂ-ի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է ԼՂ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, սնունդը ԼՂ-ում վաճառվում է կտրոններով, և այսպիսով՝ այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ․
«Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ, որ, մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս պարագայում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ»։
Նա միաժամանակ ընդգծեց, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը։
«Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար: Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, և առաջիկայում մենք ներգարվված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից, և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը ևս Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա»։
Ես հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունն ամրապնդելու հեռանկարով՝ ասաց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան, վստահեցնելով, որ մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ Նա հիշեցրեց, որ Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ արվեց քայլ կատարել դեպի առաջ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք մտահոգ ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, և այդ հարցում մենք համաձայն ենք ԵՄ-ի դիրքորոշման հետ: Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որ խաղաղություն և կայունություն հաստատվի ԼՂ-ում և Կովկասի տարածաշրջանում»,– հայտարարեց Չեխիայի վարչապետը:
Անդրադառնալով երկրների տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող քննարկումներին, Չեխիայի վարչապետը շեշտեց, որ կարևորում է, որ կնքվի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Պետեր Ֆիալան նաև վստահեցրեց, որ ամենատարբեր հարթակներում Չեխիան կկատարի անհրաժեշտ բոլոր քայլերը՝ օգնելու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում։
Հայաստանի և Չեխիայի վարչապետներն անդրադարձան նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցին։ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները, Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրում, հռետորաբանությունն է կոշտացնում, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է կիրառում: Այս պայմաններում որքանո՞վ է հնարավոր խաղաղության հասնելը:
Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ չպետք է պատժամիջոցներ կիրառել՝ Հայաստանի և Չեխիայի վարչապետներին հարցրեց լրագրողը։
Ի պատասխան՝ Պետեր Ֆիալան նշեց, որ կարող են աջակցել և կաջակցեն խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի կայունացմանը․
«Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, որ ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում (պայմանավորվածությունները — խմբ.): Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է՝ հասնել տարածաշրջանում կայունության, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները. դա կարևոր հանգամանք է:
Մենք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք, Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, չեխ 7 փորձագետ կա առաքելության կազմում»։
Մենք պատրաստ ենք մասնակցել այլ աշխատանքների, որոնք կնպաստեն տևական խաղաղությանը՝ վերահաստատեց Չեխիայի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց՝ լրագրողի ասածը բացարձակ ճշմարտություն է․
«Ձեր հարցը և բովանդակությունն ընդգծում են խաղաղության անհրաժեշտությունը, որովհետև մի կողմից կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն, բայց մյուս կողմից, դրանից ելնելով, կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է»։
Ինչ վերաբերում է հայ–չեխական հարաբերություններին՝ դրանք երկուստեք բարձր գնահատվեցին, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում։ Հայաստան-Չեխիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը գերազանց են գնահատում կողմերը և հույս են հայտնում, որ համագործակցությունը կընդլայնվի ու կխորանա։ Իսկ որ ամենատարբեր ոլորտներում այդ հնարավորույթունները կան՝ կողմերը վստահ։