ԿարևորՄշակույթ

Երևանում ունկնդրում են ժամանակակից դասական երաժշտություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների ամենամյա փառատոնի 2-րդ սիմֆոնիկ համերգին հնչել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգի մեկնարկին ունկնդիրը վայելել է Վալենտին Սիլվեստրովի «Հիմն 2001» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար, որը նվիրված է անվանի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիին: Ստեղծագործությունը Հայաստանում հնչում էր առաջին անգամ:

Կատարվել է նաև Ալեքսեյ Շորի կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար՝ «Ճամփորդական նոթատետր»՝ 7 մասից, ինչպես նաև Լերա Աուերբախի Սիմֆոնիա թիվ 1 «Քիմերա»՝ 7 մասից։ Լերա Աուերբախի այս ստեղծագործությունը նույնպես Հայաստանում հնչում էր առաջին անգամ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը։ Իսկ համերգը ղեկավարում էր մեծ համբավ վայելող բելգիացի դիրիժոր Միշել Թիլկինը։

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևն Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթատետր» կոնցերտը կատարում էր ոչ առաջին անգամ։ Մենակատարը նշում է, որ ինքը հաճույքով է ներկայացնում այս ստեղծագործությունը, քանի որ այդ երաժշտությունը շատ անկեղծ է, և այն հեշտությամբ երկխոսության մեջ է մտնում ունկնդրի հետ։ Նա նաև ընդգծում է իր ստեղծագործական ջերմ գործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ. նրանք միասին հանդես են եկել Դուբայում և Երևանում։ Միրոսլավ Կուլտիշևը նկատում է, որ ժամանակակից կոմպոզիտորների գործերին այնքան էլ հաճախ չի անդրադառնում։ Ըստ նրա՝ դաշնամուրային երաժշտության երկացանկն այնքան մեծ է, որ մեկ կյանքը բավարար չէ կատարել դասական ժամանակաշրջանի բոլոր ստեղծագործությունները։

2019թ․-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) համատեղ ջանքերով ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այս տարի փառատոնի անցկացման հովանավորն են AMX-ը՝ Հայաստանի ֆոնդային բորսան, և Կենտրոնական դեպոզիտարիան:

Քշիշտոֆ Պենդերեցկին 20-րդ դարի երկրորդ կեսի և ժամանակակից դասական երաժշտության ամենանշանավոր կերպարներից էր: Նա թողել է լայնածավալ ստեղծագործական ժառանգություն և որպես կոմպոզիտոր ու դիրիժոր մեծ համբավ էր վայելում ամբողջ աշխարհում: 

Կարդացեք նաև
Close
Back to top button