ԿարևորՀասարակություն

Հայաստանի ազգային գրադարանի ամենապահանջված գրքերի ապրիլյան տասնյակում գերիշխում են ռոմանտիկ տրամադրությունները

Հայաստանի ազգային գրադարանի ամենապահանջված գրքերի ապրիլյան տասնյակում գերիշխում են ռոմանտիկ տրամադրությունները։ Դասականից մինչև ժամանակակից, սիրավեպից մինչև դետեկտիվ. մեր ընթերցողի նախընտրությունն է։

Տասնյակի ամենապահանջված գիրքը՝ Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը», թերևս ընթերցողին գրավել է հայոց ցեղասպանության թեմատիկայով։ Ինչպես նշել է գրքի հայերեն թարգմանիչ Ռուզան Միրզոյանը՝ գրքում դատապարտվում է մարդկանց ճակատագրերը խեղաթյուրող բռնությունը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի թողած ողբերգությունների հիշողություններով և հայկական եղեռնի անաչառ ու ճիշտ նկարագրությամբ, որոնց ուղղակի ականատեսն ու կրողն է վեպի գլխավոր հերոսուհին՝ Ալիսը:

Ազգայինի ընթերցողների՝ ապրիլին նախընտրած գրքերից երկրորդը երիտասարդ գրող Սյունե Սևադայի առաջին վեպն է՝ «Աղի թեյ»-ը։ Վերջերս հրատարակված գիրքը հասցրել է սիրվել ու ամիսներ շարունակ առաջատար տեղ է գրավում ամենամսյա «Երևանյան բեսթսելլերում»:

Ճապոնացի անգլիագիր գրող Կազուո Իշիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» վեպը մեր տասնյակի երրորդ հորիզոնականում է։ Այս գիտաֆանտաստիկ դիստոպիան անգլիացի գրող Ռամսի Քեմփբելը որակել է որպես 2000 թվականից հետո գրված լավագույն սարսափ վեպերից մեկը, «դասական օրինակ պատմության, որը սարսափեցնում է, և հատկապես այն պատճառով, որ պատմողը չի գիտակցում դրա սարսափելի լինելը»։

Ֆիրդուսիի անմահ «Շահնամե»-ն՝ մեկ հեղինակի գրչին պատկանող երբևիցե գրված ամենաերկար պոեմը, որն, ինչպես հայտնի է, ծավալով կրկնակի գերազանցում է«Իլիական»-ին և «Ոդիսական»-ին միասին վերցրած, մեր հետազոտող ընթերցողի ուշադրության կենտրոնում է եղել այս ամիս։

Ազգայինի ընթերցողների նախընտրությունների ցանկում են նաև Արթուր Քոնան Դոյլի «Արնագույն գործը: Չորսի նշանը», Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գործերը, Ջոջո Մոյեսի երկու գրքերը՝ «Աստղեր նվիրողը» և «Ես մինչ քեզ»-ը, Էրիխ Մարիա Ռեմարկիֿ «Երեք ընկեր»-ը, ինչպես նաև Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները»։

Ազգայինի ապրիլյան ցուցակի գրքերից հինգը՝ Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում»-ը, Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճանապարհորդությունը», Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ»-ը, Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը և Ռեմարկի «Երեք ընկեր»-ը հանդիպում է նաև մարզային գրադարանների ապրիլյան ցուցակներում։

Back to top button