ԿարևորՀասարակություն

Արդարադատության ակադեմիայում կուսումնասիրեն նաեւ արդարության տեսություն

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2014-ից Հայաստանում գործում է ուսումնական նոր հաստատություն դատավորների ու դատախազների համար: Խոսքն Արդարադատության ակադեմիայի մասին է, որը կոչված է կադրեր պատրաստել ու վերապատրաստել գործող կադրերին դատական և դատախազական համակարգերում: Նորաստեղծ ակադեմիան փոխարինելու է նախկինում գործող դատական ու դատախազական դպրոցներին ու փորձելու է երկու համակարգերի կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնել մեկ միասնական կառույցում: Առաջին դասընթացը կսկսվի մարտի 17-ին, 20 դատավորի համար: Մինչ այդ հաստատությունը նախապատրաստվել է. շինությունն արդեն պատրաստ է, ուսումնական ծրագրերը հաստատված էն: Արդարադատության ռեկտոր Ռուբեն Մելիքյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրն ու խոսել հիմնական անելիքների մասին:

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի ընդունման ժամանակ, խորհրդարանական քննարկումների առանցքում հիմնականն այն հարցն էր, թե որքանով է նպատակահարմար դատավորներին ու դատախազներին մեկ միասնական կառույցում ուսուցանել, վերապատրաստել ու դրանով նպաստել նրանց, այսպես ասենք, մերձեցմանը: Ի պատասխան այս մտահոգության՝ նախագծի հեղինակները նշում էին, թե միասնական կառույցի գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին :

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը նույնպես դատավորների ու դատախազների համատեղ ուսուցման մեջ խնդիր չի տեսնում, ավելին՝ կարծում է, որ կրթական միասնական չափանիշները թույլ կտան խուսափել տարակարծություններից, երբ նույն խնդիրը տարբեր կերպ է մեկնաբանվում:

Դասախոսները հաստիքային չեն, աշխատելու են ժամավճարի սկզբունքով: Սա, ըստ Ռուբեն Մելիքյանի, ավելի ճկուն կդարձնի ուսուցումը: Կիրառվելու է ուսուցման հեռավար ձևը նույնպես, որը ոչ թե հեռակա ուսուցումն է, այլ գործող դատավորներին ու դատախազներին թույլ է տալու վերապատրաստման կուրսն անցնել առանց աշխատաքնից կտրվելու, ոչ թե լսարանում, այլ օրինակ ինտերնետի միջոցով:

Ակադեմիան արդեն ավարտել է ուսուցման ծրագրերի մշակումը: Դրանք նախատեսված են 7 թիրախային խմբերի համար: Դատավորները պատրաստվելու ու վերապատրաստվելու են ըստ մասնագիտացումների՝ քրեական, քաղաքացիական ու վարչական: Դատախազների դեպքում նման բաժանում չկա:

Ամենակարևոր թիրախային խումբը ակադեմիայում համարում են դատավորների ու դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Դատախազ կամ դատավոր դառնալու համար նրանց դեպքում պարտադիր է ուսուցում անցնելու պահանջը: Թեկնածուների ուսուցման կուրսն ի դեպ 8.5 ամիս ունի : Իսկ թե ինչ կերպ է լավ կամ վատ սովորելն անդրադառնալու աշխատանքային կեսնագրության վրա , ակադեմիայի ռեկտորն այսպես է բացատրում:

Գործող դատավորների ու դատախազների համար, ոչ թե նախնական պատրաստում այլ վերապատրասոտւմ է նախատեսվում: Ըստ օրենքի պահանջների ՝ նրանք տարեկան 80-ից 120 ժամ վերապատրաստման պետք է անցնեն: Ի դեպ , ակադեմիայի ռեկոտրը կարևոր կամ նորարակական է համարում մոտեցումը, որ ուսումնական ծրագրերի 25 տոկոսը կազմելու են ոչ իրավաբանական դասընթացները: Դատավորներն ու դատախազներն, օրինակ , ակադեմիայում հռետորաբանության դասեր են անցնելու, փաստարկման ու բանակցությունների տեսությանն են ծանոթանալում: Ռեկտորն ասում է, որ արդարության տեսություն էլ են ուսումնասիրելու:

Ի դեպ, ԱԺ-ում քննարկվում 1 միասնական քննչական կոմիտեի ձևավորում նախատեսող օրինագիծը: Դրա ընդունմամբ նախատեսվում է, որ արդարադատության ակադեմիայի ունկնդիրների շրջանակը դատավորների ու դատախազների հետ կհամալրեն նաև քննիչները:

Back to top button