ԿարևորՀասարակություն

Ստորագրահավաքներ Ստեփանակերտում ու Երևանում՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով

Հայաստանում ու Արցախում ստորագրահավաքներ են սկսվել՝ Բերձորում  Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Ստեփանակերտում այն  իրականցնում է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Երևանում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Արցախցի երիտասարդներն ասում են, որ ակցիան անժամկետ է և շարունակվելու է այնքան, մինչև Ադրբեջանը միջազգային կառույցների ճնշման տակ հանի Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետը և վերադառնա իր պարտավորությունների կատարմանը։

Մայիսի 2-ից  Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Շուշի  ավտոճանապարհի  սկզբնամասում խաղաղ ակցիա են իրականցնում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման անդամները։ Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասել  է, որ ակցիան անժամկետ է, կշարունակվի  մինչև նպատակին հասնելը:

«Ապրիլի 23-ից Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի 6-րդ կետը, Բերձորի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա, ապօրինի անցագրային կետ է տեղադրել, որը մեզ համար  կարմիր գիծ էր։ Պահանջը մեկն է՝ այդ անցագրային կետն  պետք է ապամոնատժվի և հեռացվի»,-ասել է Դավիթ Բաղրյանը։

Դեկտեմբերի 12 –ից շրջափակման մեջ պահելով Արցախը, իսկ ապրիլի 23-ից էլ հսկիչ անցագրային կետ տեղադրելով՝ Ադրբեջանն ապացուցում է, որ իր նպատակը  չի փոխել՝ ասում են նախաձեռնող խմբի անդամները։

«Մենք բոլոր քաղաքական ու ապաքաղաքական ուժերին, մեր գաղափարը կիսող մարդկանց կոչ ենք արել միանալ մեզ։ Մեր նպատակն է պահել հայրենիքը, որովհետև ոչ մեկը մեր փոխարեն դա չի անելու»։

Իսկ  Երևանի կենտրոնում նույն պահանջով  ստորագրահավաք է իրականացնում ԱԺ մարդու իրավունքերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նրա կարծիքով՝   Ադրբեջանին կարող է զսպել միայն պատժամիջոցների կիրառումը։ Քաղաքական ակցիաներն անհրաժեշտ են միջազգային հանրությանը իրավիճակի ճիշտ պատկերը ներկայացնելու համար։

«Ադրբեջանի քաղաքականությունն օր օրի ավելի լկտի է դառնում ու նրանք շարունակում են Արցախը զրկել արցախահայերից։ Մենք, կորցնելով Արցախը, լրջագույն վտանգ ենք հասցնելու հենց Հայաստանի Հանրապետությանը։ Ես՝ որպես վարդենիսցի եմ ասում՝ Արցախը ՀՀ-ի երաշխավորն էր։ Մենք կորցրել ենք Արցախը, ու իմ ծննդավայր Վարդենիսը վտանգված է։ Ամեն օր կրակում են, ու այնտեղ երկու շաբաթից ավելի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները կրակոցների պատճառով  չեն կարողանում գնալ աշխատանքի։ Հիմա մենք մեր անվտանգության համար պետք է ոտքի կանգնենք։ Ստիպենք ամբողջ աշխարհին հասկանալ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է՝ ասում է Թովմասյանը։ Նա համոզված է, որ նաև այս ակցիայով  կհաջողվի  միջազգային հանրությանը ցույց տալ, որ հաշտ չենք այսօրվա իրավիճակի հետ։

Back to top button