ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն կարող է ստիպել, որ պայմանավորվածություններն իրագործվեն, բայց կողմերը հեռու են խաղաղությունից․քաղաքագետ

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև ընթացող բանակցություներից շատ տեղեկություններ չեն հաղորդվում, ընդամենը մի քանի շեշտադրում, որոնք էլ հիմք են դառնում վերլուծությունների համար։ Հայտնի է, որ բանակցությունները մի քանի օր են տևելու։ Պետքարտուղարության խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը բանակցությունների մասին տեղեկացրել է միայն, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի երկխոսությունը:

Նա մանրամասներ չի հայտնել բանակցություններից, պարզապես նշել է, որ ամերիկյան կողմից գործընթացում ներգրավված են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի երկխոսությունը՝ ԱՄՆ Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացած Միրզոյան- Բայրամով հանդիպումից հետո տեղեկացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը: «Մենք խաղաղություն և կայունություն ենք ակնկալում այս երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»,-ասել է Պատելը։

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կարևորում է Երևանի ու Բաքվի ուղիղ շփումները։

«Ազատություն» լրատվական գործակալությանը ՄՆ պետքարտուղարությունից տեղեկացրել են, որ պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», — հայտնել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է որոշեն կողմերը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է հատկապես վաշինգտնոնյան հանդիպումների ինտենսիվությունը։Պրահայում կայացած հանդիպումից հետո քաղաքագետը սա նոր մեկնարկ է համարում։ Խաղաղության բանակցությունների հարցում, սակայն, որևէ համաձայնության հարցում նա լավատես չէ՝ գոնե մոտ ապագայում․

«Համաձայնագիր ստորագրելը, որպես վերջնական հանգուցալուծում, այս պահին չեմ պատկերացնում, գուցե ճանապարհային քարտեզ, կամ հուշագիր լինի, բայց մեծ աշխատանքներ կան ու երկար ճանապարհ կա անցնելու խաղաղության հասնելու համար։ Խաղաղություն, այո հնարավոր է, բայց ոչ հիմա։ Դա հնարավոր է, եթե լինեն երաշխիքներ, և ԱՄՆ կարող է երաշխիքներ տալ ու ստիպել, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն»։

Գործընթացը շարունակական է, և խաղաղության հասնելու համար ժամանակ է հարկավոր։ Այսօր կաևորն այն է, որ սայլը տեղից շարժվում է, ասում է Ղևոնդյանը։

Նա կարծում է, որ Արցախի հարցում անելիքներն ավելի շատ են ու ավելի շատ ժամանակ է հարկավոր․

«Ադրբեջանը, բացի հայաթափումից, այլ կերպ չի պատկերացնում Արցախի հարցի լուծումը, և բացի դա , կա ևս մի կարևոր հանգամանք, որ այդ բանակցություններում Արցախի օրինական ընտրված իշխանությունները մասնակցություն չունեն։ Այսինքն, Հայաստանը չի կարող որոշել Արցախի ապագան ինքնուրույն մեկ բանակցությունների արդյունքում, առավել ևս, որ այսօր Արցախում ընդհանուր կոնսոլիդացի կա Ադրբեջանի կազմում չլինելու հարցում։ Շատ հնարավոր է որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, որը Արցախը մերժի, ի վերջո, նման նախադեպ ունեցել ենք ժամանակին»։

Մինչ փորձագիտական շրջանակները հուսալի են համարում ԱՄՆ երաշխավորությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրագործման հարցում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, Մոսկվան չի կարող մեկնաբանությունել այդ գործընթացը:

Զախարովան ևս մեկ անգամ շեշտում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը:

«Մենք առաջվա պես հանձնառու ենք 2020-2022 թթ.-ի ընթացքում ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»,-ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարին, Զախարովան նշել է, որ Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել նման հանդիպման: Ժամկետների մասին է խոստացել է ավելի ուշ տեղեկացնել։

Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական քննարկումները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի՝ դրանք կավարտվեն մայիսի 4-ին։

Back to top button