ԿարևորՀասարակություն

44-օրյայի քննիչ հանձնաժողովը կաշխատի ևս 6 ամիս

Ազգային ժողովում այսօր քննարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու հարցը։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ գործունեության մեկ տարվա ընթացքում մեծ ծավալի տեղեկություններ են ստացվել, որոնց ուսումնասիրության համար կառույցին լրացուցիչ ժամանակ է պետք։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերլուծության արդյունքները դեռ վերջնական չեն։ Հանձանժողովը մեծ ծավալի տեղեկություններ է ստացել, որոնց ուսումնասիրությունը լրացուցիչ ժամանակ է պահանջում։

Առաջարկվում է կառույցի գործունեության ժամկետը երկարացնել ևս 6 ամսով։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ բոլոր հրավիրյալներն էլ ուշ թե շուտ ներկայանալու են հանձնաժողով։

«Դա լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը. չեն կարող չգալ: Եթե չգան, նշանակում է՝ իրենք խուսափում են մի բանից, որ… չօգտվել այս հնարավորությունից՝ պարզապես անհնար է  պատկերացնել», — նշել է Քոչարյանը:

Քոչարյանն ըմբռնումով է մոտենում միայն Յուրի Խաչատուրովը չներկայանալուն։

«Անձամբ ես ըմբռնումով եմ մոտեցել, որովհետև նաև անթույլատրելի էր մեր առաջին պատերազմի բովով անցած զինվորականն ինչ-ինչ պատճառներով խուսափի գալ ու պարզ ճակատով պատասխանի բոլոր այն հարցերին, որոնց պատերի տակ չպետք է պատասխանի: Օրինակ՝ Օնիկ Գասպարյանի գալը շատ շրջադարձային էր, դրանից հետո որևէ զինվորականի մերժումը ընդունելի չէ»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Քննիչ հանձնաժողովը մեկ տարվա աշխատանքի ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ։ Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացրել  բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը,  սակայն, նկատում է, որ 44 -օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փոխարեն պետք է հատուկ տրիբունալ ստեղծվեր, որտեղ ներկայանալը կլիներ ոչ թե ըստ ցանկության ու նախասիրության, այլ պարտադիր։

«Բայց իմ այս առաջարկը չընդունվեց, դիտարկվում է այսպես, որ տրիբունալ ստեղծելը լավ չէ, վատ է։ Բայց հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի այդ տրիբունալը պետք էր, որ հետո չլինի այն, ինչ եղավ սեպտեմբերին։ Մեզ պետք էր տրիբունալ, որը ոչ միայն կքններ, թե սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի շրջանում ինչ է եղել, այլ կքններ, թե դրանից առաջ, դրանից մի քանի տարի առաջ ինչ էր եղել»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է քննիչ հանձանժողովի աշխատանքը։ ՔՊ խմբակցության պատգամավոր  Վահագն Ալեքսանյանն արձանագրում է փաստն ու մեկնաբանում ՝ ընդդիմությունը վախենում է ճշմարտության հետ առերեսումից,

«Երբ Ազգային ժողովի այս ամբիոնից վարչապետը հրավիրում է փակ նիստում բոլոր հարցերն իրեն տալու, ընդդիմությունը սկզբում համաձայնում է, հետո հրաժարվում է։ Երբ կա հնարավորություն քննիչ հանձնաժողովի շրջանակում քննել պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորական եղած Օնիկ Գասպարյանին, ընդդիմությունը հրաժարվում է։ Երբ կա հնարավորություն քննել պատերազմի ժամանակ եւ դրան նախորդած շրջանում Արտաքին գործերի նախարար եղած մարդուն, ընդդիմությունը հրաժարվում է։ Ինչո՞ւ, որովհետեւ թեկուզեւ մեր աչքի առաջ մարդկանց հարցեր տալուց եւ այդ հարցերի պատասխանները լսելուց հետո ընդդիմությունն այլեւս կաշկանդված կլինի իր կեղծ մեղադրական թեզերը սպրդելու հարցում։ Ես կարծում եմ, որ խորհրդանշական է ընդդիմության մշտական փախուստը ճշմարտությունից»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Իսկ  ընդդիմությունը հակադարձում է․ շարունակում է նույն կարծիքին մնալ և պնդել՝ պատերազմի պատասխանատու իշխանությունը չի կարող օբյեկտիվորեն քննել այդ պատերազմում մեր պարտության հանգամանքները։  Հետևաբար՝ հանձնաժողովը ոչ թե փորձելու է բացահայտել, այլ իմիտացիա է ստեղծելու։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միասյան․ «Հիմա էլ  ապացուցվում է մեր ասածի ճշմարտացիությունը։ Մենք շրջանառության մեջ էինք դրել օրենքի նախագիծ, որը չարժանացավ ձեր դրական վերաբերմունքին, մինչդեռ այս նախագծով առաջարկվում էր անկախ պետական մարմնի ստեղծում՝ զերծ քաղաքական աղմուկից»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։ Ժամկետն արդեն  մեկ անգամ երակարձգվել է 2022 թ–ի հոկտմբերին։ Այժմ քննիչ հանձնաժողովը օգտվում է աշխատանքը երկարաձգելու վերջին հնարավորությունից և կաշխատի ևս 6 ամիս։

Back to top button