ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնում բանակցվող փաստաթուղթը նոր անուն ունի․ ընդդիմությունը մտահոգված է ձևակերպումներով

Խորհրդարանը սկսել է լիագումար հերթական նիստերի աշխատանքը, սակայն օրակարգային հարցերի փոխարեն պատգամավորների ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան  բանակցություններն են՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։ Թեև պաշտոնապես քննարկումների մանրամասները դեռ չեն հաղորդվել, բայց ընդդիմությունն ահազանգում է քննարկվող վտանգավոր ձևակերպումների և լուծումների մասին։

Թե վաշինգտոնյան բանակցություններում մինչև որ կետն է իջել «Արցախի ինքնորոշման իրավունք» ձևակերպմաննշաձողը, բացահայտել է «Ամերիկայի Ձայն»–ը։ Պետքարտուղարության աղբյուրներին հղում անելով՝ ամերիկյան լրատվամիջոցը գրել է, որ քննարկումների առանցքում եղել է  «էթնիկ փոքրամասնությունների իրավուքների ու անվտանգության» հարցը:

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը խորհրդարանում շտապեց հերքել․ «Այդ լուրը սկզբնաղբյուր կայքից արդեն իսկ հեռացվել է, ինչը վկայում է այդ լուրի արժանահավատության մասին»։

Իրականում, սկզբնաղբյուրում հիմա էլ կարելի է գտնել հայ–ադրբեջանական բանակցությունների մասին լուրը։ Նախնական ձևակերպումները, հնարավոր է, որոշակի փոփոխությունների են ենթարկվել, քանի որ հղում էր արվում Պետդեպում բարձրաստիճան պաշտոնյայի։ Հղումն իսկապես հանվել է, բայց բովանդակությունը պահպանվել է։

«Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը համապարփակ է։ Դրա շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը»։    

Հենց այս ձևակերպումն է անհանգստացրել խորհրդարանական ընդդիմությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է․

«Բանակցային գործընթացի սեղանին Արցախի կարգավիճակը դիտարկվում է Ադրբեջանի կազմում։ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ տեղ, որևէ կերպ արտացոլված չէ և հայկական կողմը գնացել է շատ ավելի պարտվողական մոտեցման, այսպես կոչված, իրավունքների և ազատությունների երաշխավորման տարբերակը, որը նույնիսկ աղերս չունի, նույնիսկ մոտ չէ ինքնորոշման իրավունքին։ Միայն այդ կետից ելնելով չեմ ասում։ Այդ բանակցային գործընթացի վերաբերյալ շատ կրճատ բացահայտումը, որը տվել է Պետդեպը և Հայաստանի ԱԳՆ–ն, եթե այդտեղ ես կարդայի «ազգերի ինքնորոշման իրավունք», որևէ խնդիր չէր լինի։ Չկա ՀՀ մի պաշտոնյա, որը հրապարակային, հստակորեն այս հարցի շուրջ խոսելիս միջազգային հարթակներում նշի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»։

Եթե մինչ այժմ Հայաստան–Ադրբեջան բանակցությունների դեպքում օգտագործվում էր «Խաղաղության պայմանագիր» ձևակերպումը, ապա վաշինգտոնյան բանակցություններից հետո հստակեցվել է քննարկվող փաստաթղթի անվանումը։ Այն կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն»։ Ըստ պետքարտուղարության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին։  ԱՄՆ-ն ձգտում է, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

Վաշինգտոնյան օրակարգն այնքան ընդգրկուն է, որ քննարկումները կարող են օրեր տևել։ Բանակցություններից հայկական կողմի ակնկալիքների մասին խոսելիս Արման Եղոյանը հստակեցնում է՝ առաջնային պայմանն այն է, որ փաստաթղթի ստորագրման պահին ադրբեջանական զորքեր Հայաստանի տարածքում չլինեն։  

«Դա էլ է քննարկման առարկա, դա ամենակարևոր կետերից մեկն է և ՀՀ պահանջներից մեկը, բնականաբար, դա է։ բայց ես ուղղակի ցանկանում եմ, որ դուք ժամանակից առաջ չընկնեք։ Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ։ Այ դա ենք անում»։

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը բացառում է, որ Հայաստանը բանակցություններում շոշափի «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։ Հստակեցնում է՝ բանակցվում է հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են բոլոր խնդրահարույց հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վաշինգտոնում բանակցությունները ենթադրում են երաշխիքների համակարգ։ Սա ասելով Եղոյանը նկատի ունի ՀՀ անձեռնմխելի 29 800 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը, պայմանագրի կատարման համար երաշխավորների ինստիտուտը և Ստեփանակերտ–Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծումը։  

«Այո, մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի որևէ պայմանագիր ուղղակի չի կարող գործել։ Նույնիսկ երաշխիքների պայմաններում մենք աշխարհում տեսնում ենք, որ էլի խնդիրներ են լինում, բայց դա այն նվազագույն շեմն է, որ մենք պետք է ապահովենք։ Այսինքն՝ որևէ միջազգային երաշխիք պետք է լինի։ Առանց դրա ուղղակի պայմանագիրը չի աշխատի»։

Ընդդիմադիր պատգամավորները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ հայ–ադրբեջանական բանակցություններին մասնակցում է նաև Աժ փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա բանակցությունների գծով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմադիրները կարծում են, որ դրանով իրականացվել է թուրք–ադրբեջանական նախապայմաններից մեկը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյան․  

«Թուրքիայի հետ բանակցողը գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների, որով Ադրբեջան Թուրքիա հարաբերությունները բերել, շաղկապել է»։

Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է՝ ընդդիմադիրները սխալ հետևություններ են արել․Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընթացող  բանակցությունները Հայաստանը որևէ կերպ չի կապում իրար։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո սպասվում է նաև բանակցությունների մոսկովյան փուլը։ Ուշագրավ է, որ արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին առաջինը ազդարարել էր Մոսկվան, բայց Վաշինգտոնը «եկավ»  ավելի շուտ։ Այժմ Արման Եղոյանը հաստատում է․ «Այո, պայմանավորվածություն կա, և ըստ այդ պայմանավորվածության՝ հանդիպում պետք է լինի Մոսկվայում»։

«Իմ քայլը» խմբակցությունում պնդում են, որ տաչրբերություն չկա, թե որ մայրաքաղաքում են կազմակեւպվում բանակցությունները։ Դրանից էությունը, սկզբունքները և բովանդակությունը չեն փոխվում։ Այս հարցում տարբեր կարծիքի են Հայկ Մամիջանյանը և Արման Եղոյանը։   

Հայկ Մամիջանյան․ «Ռուսաստանն առաջարկել էր լուծման փաթեթ, որով Արցախի այժմյան կարգավիճակը պահպանվելու էր առնվազն ստատուս քվո կարգավիճակով։ Այսինքն՝ այն կարգավիճակը, որն ունենք հիմա պահպանվելու էր, որը հնարավորություն էր տալու օրերից մի օր հասնել ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությանը։ Մինչև Ադրբեջանի համաձայնել–չհամաձայնելը փաստենք, որ ՀՀ–ն համաձայնություն տվեց միաժամանակ երկու, եթե չասեմ իրարամերժ, ապա շատ մեծ տարբերություններ ունեցող լուծմանը»։

Արման Եղոյան․ «Միջազգային դերակատարների հայտարարությունները խնդրում եմ, որ դիվանագիտական լեզվից՝ այն, ինչ ասվում է բոլորի համար, թարգմանեք սովորական քաղաքացիական լեզվի, և եթե դա անեք, կտեսնեք, որ միջազգային հանրության հռետորաբանությունը էականորեն փոխվել է մեզ համար դեպի լավը՝ ավելի հասցեական և ավելի առարկայական է դարձել»։

Պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան՝ բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններից։

Back to top button