ԿարևորՏնտեսական

Տնտեսական աճը կապահովվի շինարարության ու ծառայությունների ոլորտների հաշվին

Պարենային ապրանքների գների համաշխարհային նվազման արդյունքում Հայաստանում նույնպես գնանկում է նկատվում: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ սա նույնիսկ կարող է բերել նրան, որ որոշ ժամանակ անց գնաճն ավելի ցածր լինի, քան Կենտրոնական բանկի թիրախն է (4 տոկոս): Թեև գնաճի հետ կապված սպասումները որոշակիորեն նվազել են անցած տարվա մակարդակներից, դրանք շարունակում են մնալ բավականին բարձր այն տարիների համեմատ, երբ հնարավոր էր վստահորեն ասել, որ կան խարխսված գնաճային սպասումներ: Ուստի ԿԲ խորհուրդը որոշել է այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 10․25 ։ 

Հայաստանի Կենտրոնական բանկում կանխատեսում են՝ ընթացիկ տարում տնտեսական աճը կապահովեն շինարարության ու ծառայությունների ոլորտները։ Գլխավոր դրամատանը արձանագրում են՝ համաշխարհային ու ներքին տնտեսական ակտիվության ու գնաճի ռիսկերը բարձր մակարդակում են։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ՝ 2022–ին տնտեսական աճին գյուղատնտեսության ոլորտը գրեթե չի նպաստել․

«Անցյալ տարվա ընթացքում 12․6 տոկոս տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների, առևտրի, շինարարության, մասամբ նաև արդյունաբերության մշակող ճյուղերը։ Ես չեմ կարծում, որ այս տարի էլ տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է լինելու։ Հիմնական տնտեսական ակտիվությունը կշարունակեն ծառայությունների ու շինարարության ճյուղերը»։

Իսկ ոլորտներն ակտիվացան՝ հիմնականում ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Դրամական փոխանցումների ռեկորդային աճն էլ պայմանավորեց նաև բանկային համակարգի շահույթի կուտակմանը։ Տրանսֆերտների մաքուր հոսքը կազմել է 2.5 մլրդ դոլար՝  2.5 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Գումարային ներհոսքի առյուծի բաժինը՝ 70 տոկոսը, Ռուսաստանինն է, հետո Միացյալ Նահանգներինն ու այլ երկրներինը։ Ավելացել են նաև Հայաստանից այս երկրներ ուղարկվող փոխանցումները։

Tvyal.com կազմակերպության ղեկավար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ դրամական փոխանցումների աճն ազդել է նաև առևտրային հաշվեկշռի վրա․

«Ֆիզիկական անձանց կողմից իրականացված դրամական փոխանցումները ՀՀ բանկային համակարգի միջոցով 2021–ին կազմել են 2․1, 2022–ին՝ 5․1 մլրդ դոլար։ Աճը մոտ 2․5 անգամ է, իսկ ՌԴ–ից եկող փոխանցումներն ավելացել են մոտ 5 անգամ»։

Ֆինանսական միջնորդության գործառույթի ընթացքը բնականոն է գնահատում Մարտին Գալստյանը։ Բանկային համակարգի ակտիվները ֆինանսական ակտիվների գերակշիռ մասն են՝ մոտ 84 տոկոս․ «Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ։ Վարկերը շուրջ 16 տոկոսով աճել են, սա համադրելի է նախաքովիդային շրջանին։ Բարձր տնտեսական աճի պայմաններում առաջանցիկ տեմպով նաև ավանդներն են ավելացել»։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավանդների աճը գերազանցել է վարկերի աճին՝ արձանագրում է Մարտին Գալստյանը։ Վարկային շուկայում ավելացել են բոլոր վարկատեսակները, իհարկե, հիպոթքային շուկան մնում է առաջատարը․

 «Սպառողական, գյուղ ու բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել են 10–12 տոկոս աճի տեմպեր։ Իսկ հիպոթեքային վարկի մասով պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը։ Տնտեսական բարձր աճի պայմաններում վարկավորման աճն ուղեկցվել է նաև վարկային պորտֆելի որակի բարելավմամբ։ Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ։ Հիպոթեքային վարկերի չաշխատող մասը 2 տոկոսից ցածր է, գյուղատնտեսական վարկերինը՝ նույնպես։ Ամենառիսկայինն ու ամենատատանվողը սպառողական վարկերն են, չաշխատող մասը ևս բավականին նվազել է 2020–ին՝ 14 տոկոս էր, այս պահի մոտ՝ 6 տոկոս։ Բիզնես չաշխատող վարկերը մոտ 4 տոկոս է»։

Բանկերի հավելյալ եկամուտները համակարգին թույլ են տվել ավելի մեղմ գտնվել վարկերի տոկոսների բարձրացման հարցում՝ արձանագրում է Մարտին Գալստյանը։ Նա հիշեցնում է՝ 2020–ի դեկտեմբերից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է՝ 4․25–ից այսօր արդեն դառնալով 10․75 տոկոս։ Բայց քանի որ բանկերն ունեին լավ բուֆերներ, դա նրանց թույլ է տվել վարկերի տոկոսները ավելի մեղմ բարձրացնել․

«Ըստ էության բանկերի վարկային պրոդուկտների տոկոսադրույքների աճը բավականին ցածր է եղել այն տոկոսադրույքի աճից, որ ԿԲ–ն արել է իր հիմնական գործիքով։ Դա հնարավոր է եղել անել՝ պայմանավորված մի քանի գործոնով՝ մրցակցություն, բայց նախ և առաջ այն եկամուտներով, որը իրենք ստացել են մեծ արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ոչ ռեզիդենտ հաճախորդներին սպասարկելու տեսանկյունից»։

 Այժմ էլ բանկերին պարտադրել են նոր բուֆերի տեսակ պահել՝ դրամային արտահայտութամբ 90 մլրդ դրամ։ Բայց ռիսկեր դեռ կան, նաև՝ գնաճային։ Թեև  սպասումները որոշակիորեն նվազել են անցած տարի նկատված մակարդակներից, դրանք դեռ բավականին բարձր են այն տարիների նկատմամբ, երբ հնարավոր էր վստահորեն ասել, որ կան խարխսված գնաճային սպասումներ: Ուստի ԿԲ խորհուրդը որոշել է այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 10․25 ։ Սա այս տարվա Կենտրոնական Բանկի խորհրդի երկրորդ նիստն է։ Հունվարի 31–ին նույնպես գլխավոր դրամատունը անփոփոխ էր թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Կարդացեք նաև

Back to top button