ԿարևորՏնտեսական

Իրանական կողմը հայ գործարարներին շահավետ պայմաններ է առաջարկում

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին համոզված են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը: Հենց այդ նպատակով էլ Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպվել է «Արաքս» առևտրի ազատ գոտու ներդրումային երկօրյա համաժողովը և «Արաս» ապրանքային ցուցահանդեսը։

Խոհանոցային ու կենցաղային ապրանքներ, մաքրող ու լվացքի միջոցներ, կաշվե ու կերամիկական արտադրանք, քաղցրավենիք, շինանյութեր․«Արաքս» առևտրի ազատ գոտու պատասխանատուները իրանական արտադրության տնտեսական ապրանքներ են ներկայացրել հայ սպառողին։ Կապանի ներդրումային համաժողովի և «Արաս» ապրանքային ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն համագործակցության պայմանագրեր կնքել իրանցի և հայ գործարարների միջև, ասում է «Արաքս» առևտրի ազատ գոտու գործադիր տնօրենի տեղակալ Ալի Նաբին․

«Այն ամենը, ինչ այստեղ տեսնում է հայ սպառողը, մեր արտադրանքի 20 տոկոսն է միայն։ Եթե բոլորը բերեինք, ապա այստեղ տեղ չէր լինի։ Որակը չի զիջում եվրոպականին։ Գնային առումով մեր արտադրանքը եվրոպական երկրների ու թուրքական արտադրանքից 80 տոկոսով էժան է»։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևորում է հայ–իրանական դարավոր հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, հատկապես տնտեսական փոխգործակցության զարգացումը․

«Իհարկե, դժվար է համեմատել Իրանի ու Հայաստանի տնտեսությունները, բայց ինչքանով իրանական շուկան է մեզ հետաքրքրում, կարծում եմ՝ այնպես էլ հայկական շուկան կարող է իր հնարավորություններով հետաքրքրություն առաջացնել իրանական փոքր և միջին ձեռանարկությունների համար»։

Ինչո՞ւ պետք է սյունեցի, կամ ընդհանրապես հայ ներդրողները գործունեություն ծավալեն «Արաքս» առևտրի ազատ գոտում։

«Առաջին հերթին՝ մոտիկ է, տրանսպորտային ծախսերը քիչ  կլինեն, գումար կխնայվի։ Հումքը մեր երկրում շատ էժան է, քանի որ Իրանում Էլեկտրաէներգիան էժան է, ինչն էլ ազդում է ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վրա»,– ասում է առևտրի գոտու գործադիր տնօրենի տեղակալ Ալի Նաբին։

Ոչ միայն հայ, այլև բոլոր այն գործարարներին, որոնք կցանականան գործունեություն ծավալել «Արաքս» առևտրի ազատ գոտում, անհատույց օգտագործման տարածք կտրամադրվի, և նրանք կազազտվեն մաքսատուրքերից՝ վստահեցնում է իրանական կողմը։ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար իրանական, հատկապես «Արաքս» առևտրի գոտու արտադրանքի արտահանումը Հայաստան պետք է մեծացվի՝ այսպիսի կարծիք էր հայտնել «Արաքսի» գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն էլ իր հերթին կարևորել էր Կովկասի և Եվրասիայի տարածաշրջանի երկրների հետ առևտրային փոխանակումների ավելացումը։

«Կապանի համայնքապետի հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ՝ թե՛ մշակութային, թե՛ տնտեսական առումներով։ Այս համաժողովն ու ցուցահանդեսը այդ ծրագրերից են, որոնք հետագայում կընդլայնվեն»,– ասել է իրանցի դիվանագետը։

Երկօրյա համաժողովի ժամանակ հայ–իրանական համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարով հետաքրքվել են հատկապես գորգագործները։Այդ ուղղությամբ արդեն բանակցություններ ու քննարկումներ են սկսվել։

Back to top button