ԿարևորՄշակույթ

Սերգեյ Ռախմանինով-150. միջոցառումներ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի հոբելյանին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մայիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներկայացնում է Սերգեյ Ռախմանինովին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Կցուցադրվեն արխիվային հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, կոմպոզիտորի ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը: QR կոդերի միջոցով այցելուներին հնարավորություն կընձեռվի ունկնդրելու Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։

Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ Խաչատրյանի անվան տրիոյի, Ռուբեն Կոզինի (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Ելենա Վարդազարյանի (դաշնամուր) մասնակցությամբ։ Կհնչեն Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները:

Մայիսի 3-ին «Ս. Ռախմանինով-150» հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղանը: Կմասնակցեն Ռուսաստանի երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Մ. Բրիզգալովը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ։

Ս. Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Միջոցառումներին աջակցում են նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և ԳԱԱ արվեստի ինստիտուտը:

Back to top button