ԿարևորՀասարակություն

Աշխատանքային իրավունքի խախտումներ․ ո՞ր ոլորտներն են «առաջատարը»

Աշխատանքային իրավունքներն ամենից շատ խախտվում են շինարարության և առևտրի ոլորտներում։ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցած տարի ընդհանուր 3000 վերահսկողական գործընթաց է իրականացրել, որի 60 տոկոսը միայն վերաբերել է աշխատանքային իրավունքի խախտման դեպքերին։

Զրուցակիցս մոտ մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Աշխատանքից դուրս գալուց հետո Գոհարը գործատուից պահանջել է իր արձակուրդային վճարը։ Տնօրենը, սակայն, հրաժարվել է վերջնահաշվարկից՝ պատճառաբանելով, որ աշխատանքից դուրս գալուց հետո արձակուրդային վճար նախատեսված չէ։

«Պետք է աշխատանքից դուրս գայի, պահանջեցի իմ արձակուրդայինը, որը չէի գնացել։ Փոխարենը դրա համար պետք է վճարվեի։ Բայց ինձ ասեցին, որ դրա համար ինձ չի հասնում արձակուրդային։ Իրենք պարտավոր չեն դա ինձ տալ։ Քանի որ ես չէի ստորագրել փաստաթուղթը, ես հիմնավոր պատճառներ չունեի դա ապացուցելու»։  

Իմանալով իր իրավունքների մասին՝ քաղաքացին դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Այստեղ հստակ բացատրել են իր հետագա քայլերը և վարչական վարույթ սկսել։ Մոտ մեկ ամիս տևած գործընթացից հետո, աշխատավայրից զանգահարել են Գոհարին ու կանչել արձակուրդային գումարը ստանալու։

«Ինձ թուղթ տվեցին, ստորագրեցի, որ ես ստանում եմ արձակուրդայինս, արդեն ճշգրիտ հաշված։ Իսկ արդեն նախկին գործընկերներիցս տեղեկացա, որ գրանցված աշխատող լինելու իրենց պայմանագրերը տվել են ստորագրելու»։

Շինարարություն, առևտուր, լեռնամետալուրգիա․սրանք այն ոլորտներն են, որտեղ ամենաշատն են խախտվում աշխատողների իրավունքները, ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը։ Ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են աշխատավարձը, վերջնահաշվարկը չվճարելու կամ ուշ վճարելու, ինչպես նաև աշխատանքից անօրինական ազատելու հետ: Վերահսկող մարմինը ամեն տարի պլանավորած և չպլանավորած վերահսկողություն է իրականացնում: Չպլանավորած վերահսկողությունը կատարվում է քաղաքացիների դիմումների, հրապարակումների հիման վրա: Սլավիկ Սարգսյանն ասում է, որ քաղաքացիների իրազեկության մակարդակը բարձրացել է․

«Տեսեք՝ 2020 թվականին քաղաքացիների դիմումների հիման վրա ունեցել ենք 149 վարույթ, 2021 թվականին՝ 540, 2022 թվականին՝ 1393: Այսինքն՝ մոտ 10 անգամ 2020 թվականի համեմատ է թիվը բարձր, 2.5 -3 անգամ՝ 2021 թվականի։ Սա խոսում է ինչպես մեր համալրվածության մասին, այնպես էլ իրազեկման մակարդակի բարձրացման։ Այսինքն՝ մեր քաղաքացիներն ավելի շատ են դիմում իրենց իրավունքների խախտման դեպքում»։

 Միայն անցած տարի մոտ 3000 վերահսկողական գործընթաց է իրականացրել տեսչական մարմինը։ Դրա 60 տոկոսը վերաբերել է աշխատողների իրավունքի խախտումներին և անվտանգության պայմանների չպահպանմանը։ Խախտումներն արձանագրվելուց հետո իրավախախտումը վերացնելու համար գործատուին ողջամիտ ժամկետ է տրվում։ Զուգահեռ նաև գործի քննություն է սկսվում։ Հաստատման դեպքում նշանակվում է վարչական պատասխանատվություն։ 2022 թվականին վարույթ ընդունած գործերից պաշտոնյան առանձնացրեց աշխատողին չգրանցելու դեպքը, երբ գործատուն տուգանվել է 50 հազար դրամով: Տուգանելու հետ կապված հաջորդ դեպքը վերաբերում է աշխատավարձն ուշ վճարելուն կամ վերջնահաշվարկ չկատարելուն: Այդ դեպքում գործատուն տուգանվում է այդ գումարի մեկ քառորդի չափով:

Back to top button