ԿարևորՀասարակություն

Լինել գործատուի կողքին, հետո նոր պահանջել. ի՞նչ է ակնկալվում «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխություններից

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կարծում են, որ օրենսդրության կատարելագործումից զատ, չափազանց կարևոր է նաև Աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը, ինչը հնարավոր կլինի, եթե տեսչական մարմնի՝ ստուգումներ իրականացնելու գործող սահմանափակումները հանվեն։

Խոսելով «Աշխատանքային օրենսգրքի» գլոբալ փոփոխությունների մասին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչության ներկայացուցիչ, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը աշխատանքային իրավահարաբերությունները կանոնակարգող, այդ թվում՝ նաև անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովող օրենսդրության զարգացման ու իրավակարգավորւմների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտություն է տեսնում։

«Աշխատանքի պաշտպանության մշակույթի ստեղծումը և զարգացումը, ըստ էության, կարող են նպաստել աշխատավայրում մահացության, աշխատանքային խեղումների, ինչպես նաև մասնագիտական հիվանդությունների թվի զգալի նվազմանը»։

Նման պայմաններում յուրաքանչյուր գործատուի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա՝ կարծում է Իգիթ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ օրենսդրության բարելավումից զատ, նույնքան կարևոր է նաև գործատուների միության քայլերը՝ ապահովելու Հայաստանում աշխատողների իրավունքների պահպանումը, որը, պաշտոնյայի ձևակերպմամբ, ուղիղ ներգործություն կունենա նաև իրենց աշխատանքից ավելի եկամուտ ստանալուն։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանն ասում է, որ իրենք այդ առումով շատ առաջարկներ են ներկայացրել, բայց սայլը տեղից չի շարժվել.

«Եթե դուք ուզում եք, որ գործատուները լինեն ավելի բարեխիղճ, ուրեմն նորմալ օրենսդրություն է պետք։ Պետք է վերանայվի։ Գործատուների հետ համագործակցությամբ եկեք խորհրդատվական արշավներ կազմակերպենք։ Պետք է կարողանանք որքան հնարավոր է լինել գործատուի կողքին, հետո նոր պահանջել»։

Իգիթ Հակոբյանը կարծում է, որ օրենքով անհրաժեշտ է նաև բարձրացնել տեսչական մարմնի ֆունկցիոնալությունը, և դրանով իսկ՝ արդյունավետությունը։ Հարկ է, որ աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինը հնարավորություն ունենա օրվա ցանկացած ժամի անխոչընդոտ ու անարգել մուտք գործելու յուրքաչյուր կազմակերպություն ու իրականցնելու համապատասխան ստուգումներ։

«Այսօր, ցավոք սրտի, տեսչական մարմինը չունի այդ լիազորությունը, որը որոշակի առումով նաև «նպաստում է», որ տարբեր գործատուներ շրջանցեն օրենքները և նաև անօրինական աշխատանքներում ներգրավվել մեր քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա  քաղաքացիների։ Դա իր հերթին բերում է նրան, որ աշխատողները, չունենալով աշխատանքային պայմանագրեր, ըստ էության, զրկվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պետական երաշխիքներից և բազմաշերտ խնդիրներ են առաջացնում»։  

Տեսչական մարմինը կառավարության գործընկերներից է ակնկալում այդ հարցով աջակցություն։ Արհմիությունների կոնֆեդերացիան տարիներ շարունակ տեսչական մարմնին նման լիազորություններով օժտելու առաջարկներ արել է, այսինք՝ աջակցում է առաջարկին ու այսօր էլ կողմ է, որ տեսչական մարմնի ստուգումների սահմանափակումները հանվեն, քանի որ այն չի համապատասխանում նաև Աշխատանքի միջազգային կոնվենցիայի պահանջներին։ Թե ինչպիսին կլինի արձագանքը՝ ցույց կտան արդեն «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթի առաջիկա քննարկումները։

Back to top button