ԿարևորՍպորտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակիչում են և ապահովել են նույնքան մեդալ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակիչում են և ապահովել են նույնքան մեդալ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։

Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց իսրայելցի Լուրի Լապչեվսկիուն։ Այնուհետև հաջողությունը զարգացրեց արցախցի Էրիկ Առստամյանը։ Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուն։ Բոլոր ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը տվեցին մեզ։

Տղաների հավաքականի 12-րդ մեդալն ապահովեց 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, ով հաղթեց իսրայելցի Ալի Շահավային։ Առաջին ռաունդի մեկնարկում մեր մարզիկը շատ արագ հասկացավ մրցակցի թույլ կողմերը ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը։ Արդյունքում շատ վստահ հաղթանակ` 5։0»,- հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են մտել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել նաև Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92):

Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները։

Back to top button