ԿարևորՀասարակություն

«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով՝ Գերմանիայում

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժոողվին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը։

Համաժողովը բաղկացած էր երկու մասից։ Առաջինում տեղի ունեցան աշխատանքային-մասնագիտական փակ քննարկումներ, որտեղ հայ և օտար մասնագետները ներկայացրեցին Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները։

Համաժողովի երկրորդ մասը բաց էր նաև հայ և օտար այցելուների համար։              Միջոցառումը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով, որն ընթերցեց Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը կարևորել էր նման միջոցառումների կազմակերպումը՝ միջազգային հանրությանը, եկեղեցական ու քաղաքական պատկան մարմիններին իրազեկելով և հրավիրելով միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն ու օրհնությունն էր փոխանցել համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։

Այնուհետև բանախոսությամբ հանդես եկան Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Արցախի ժառագության պահպանության գրասենյակի անդամ դոկտոր Յասմին Դում-Թրագութը` «Հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը և յուրացումը ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության գրասենյակի գործունեությունը», իրավաբան Սառա Բաբայանը` «Հայ քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները միջազգային իրավունքի տեսանկյունից»  և աստվածաբան Հարալդ Զյուրմանը «Քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ընդհանուր համատեքստում» թեմաներով։

Համաժողովը վարում էր ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը։

Back to top button