ԿարևորՀասարակություն

Հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիր` Սյունիքում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ համագործակցությամբ ապրիլի 28-ին Գորիս քաղաքում անցկացրեց աշխատաժողով՝ Սյունիքի մարզում պաշտոնապես մեկնարկելով Հայաստանում հողերի դեգրադացման խնդրի համապարփակ լուծմանը նպաստող ծրագիր։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի ՊԳԿ-ից։

«Հայաստանի հողերի դեգրադացմա կանխման պարտավորությունների իրականացում հողերի կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից և իրականացվում ՊԳԿ-ի կողմից՝ ԲԾԻԳ-ի հետ համատեղ:

Աշխատաժողովի նպատակն էր Սյունիքի մարզում համախմբել տեղի շահակիր կառույցներին՝ քննարկելու վերոնշյալ ծրագրի իրականացման առավել արդյունավետ տարբերակները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ նախարարության և ՊԳԿ-ի միջև առկա է արդյունավետ համագործակցության մեծ շրջանակ։ Անդրադառնալով Կառավարության 2021-2026թթ․ շրջակա միջավայրի պահպանության և պարենային անվտանգության միջոլորտային զարգացման ռազմավարական ծրագրերին՝ նախարարի տեղակալն ասաց, որ դրանցում մեծ տեղ է հատկացված բնական ռեսուրսների հաշվեկշռի բարելավման, էկոլոգիական գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության նվազեցման, անապատացման և հողերի դեգրադացման դեմ պայքարի հարցերին։

Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը Հայաստանում հողերի դեգրադացման կանխումը խթանելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից։ «Հողի կայուն կառավարումը հիմք է ավելի լավ արտադրանքի, ավելի լավ սննդի, ավելի լավ շրջակա միջավայրի և հետևաբար կյանքի ավելի լավ որակի համար», — ասաց տիկին Նասոյանը: Նա հավելեց, որ այս ծրագիրը ներառում է Սյունիքի մարզի Գորայք և Լոռու մարզի Թումանյան համայնքները։

Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ մարդածին (մարդու գործունեությամբ պայմանավորված) գործոններով: Մարդածին պատճառները ներառում են գյուղատնտեսական անարդյունավետ պրակտիկաների կիրառումը, ինչպիսիք են ցանքաշրջանառության բացակայությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ օգտագործումը, գերարածեցումը արոտավայրերում և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան հորեր) գերօգտագործումը, հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Ի հավելումն թվարկված պատճառների, կլիմայի փոփոխությունը ևս մեծացնում է երկրի գյուղատնտեսության համար ռիսկերը՝ արագացնելով հողերի դեգրադացման գործընթացը:

Այս ծրագրի հիմքում լանդշաֆտային մոտեցումն է, որը համահունչ է ԳԷՀ-ի տեսլականին՝ խթանելու կայուն ինտեգրված լանդշաֆտները՝ հողերի դեգրադացիայի կանխմանը հասնելու նպատակով: Հողերի դեգրադացիայի հիմքում ընկած պատճառները վերացնելու և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար այս մոտեցումն առաջարկում է խնդիրների համապարփակ լուծում՝ ոլորտների ինտեգրացիայի, տարբերի շահակիր կողմերի ներգրավման և տարբեր մակարդակներում աշխատանքի միջոցով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագիրը զգալի ներդրում կունենա Հայաստանում հողերի դեգրադացումը կանխելու և հողերի կայուն կառավարումը բարձրացնելու գործում:

Back to top button