ԿարևորՀասարակություն

Մեծամորի մշակույթի տունը գործում է, բայց հիմնանորոգման կարիք ունի

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տան մուտքի պատերն ու աստիճանները վնասվել են  դեռ 1988թ-ի երկրաշարժից և  շարունակում են վթարային լինել նաև այսօր։ Շինությունը 90-ականներից  չի վերանորոգվել, բայց շարունակել է գործել։  Մեծամորի մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի: Գործի մի մասն արվել է համայնքի 2022թ սուբվենցիոն ծրագրով:

Մեծամոր քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մշակույթի տունը շահագործման օրվանից՝ 1986թ-ից ի վեր,  երբևէ դռները չի փակել հանդիսատեսի ու սաների առջև: Ի տարբերություն այլ շինությունների , որոնք 90-ականներին  վնասվել կամ քանդվել են, Մեծամորի մշակույթի տան աշխատակազմի ջանքերով  ամեն ինչ պահպանվել է. այստեղ  կազմակերպվել են թատերական ներկայացումներ, մշակութային միջոցառումներ:

Ռազմիկ Գեղամյանը երկար տարիներ ղեկավարել է կառույցը. «Կարողացանք այնպես անել, որ չթալանվի, ինչքան հնարավոր է կարողացանք պահպանել: 1990-ական թվականներին օջախը լիովին գործել է, այն ժամանակ կենտրոնացված ջեռուցում կար. Մեծամոր քաղաքի հետ նաև ջեռուցվում էր մշակույթի տունը մինչև 1993թ-ի կեսը»:

Մեծամորի մշակույթի տան բեմում հանդես են եկել Խորհրդային Միության տարբեր երկրների մշակութային համույթները: Շենքն այժմ չի ջեռուցվում, խնամքով պահպանված գույքը հնացել է, արդիականացման կարիք ունի: Եռահարկ մեծ շենքի  լռությունն ամեն օր խախտում են տեղի խմբակների սաներն ու  ընթերցողները: Մշակույթի տան տնօրեն Արմինե Մարգարյան.

«Մշակույթի տանը գործում է 3 խմբակ՝ կերպարվեստի, ասեղնագործության և պարի, այստեղ է գտնվում նաև Մեծամորի հանրային գրադարանը, որի գրքային ֆոնդը գերազանցում է 32000 կտոր գրականությունը: Շատ ընթերցողներ ունենք, և՛ գրադարանում, և՛ խմբակներում բավականին ակտիվություն կա»:

Երեք խմբակներ տարիքային տարբեր խմբերի երեխաներ են հաճախում, ազատ ժամանակը լրացնում սիրելի զբաղմունքով.

«Ես Սաշա Ավետիսյանն եմ, 7 տարեկան, նկարում եմ գարուն: Դե, դուք գիտեք, որ գարունը շատ գեղեցիկ է: Սրանք գարնան ծաղիկներն են՝ տարբեր գույների, հիմա ուզում եմ, ծառերի վրա էլ ծաղիկներ նկարեմ, հետո զատիկներին ու ծիծեռնակներին»:

«Էլեն Սարիբեկյան, ես Անահիտ աստվածուհու գլուխն եմ նկարում, արդեն 10 տարի հաճախում եմ կերպարվեստի խմբակ»:

Պարի խմբակում նոր պար են բեմադրում: Պարուսույց-խմբավար Սեդա Նահապետյան.

«Բոլոր փառատոններին աշխատում ենք մասնակցել, երբ լրիվ պատրաստ ենք լինում, հյուրախաղերով առայժմ կարողանում ենք միայն Վրաստան գնալ: Շուտով նրանք են գալու Էջմիածին: Մենք շատ դիպլոմներ, մեդալներ ու գավաթներ ունենք»:

Մեծամորի մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի: Համայնքի 2022թ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է տանիքը, փոխվել են մուտքի դռները: Ծրագրի ընդհանուր արժեքը 14.5 մլն դրամ է, որի 65 տոկոսը ֆինանսավորել է կառավարությունը: Շենքի մուտքի պատերին առկա են մեծ ճաքեր:

Ռազմիկ Գեղամյան. «Երկրաշարժի հետևանքով են առաջացել ճաքերը. սկզբում փոքր էին, աստիճանաբար մեծացան: Հիմա պետք է վերանորոգեն, ճաքերը՝ վերացնեն: Նստվածքից աստճաններն էլ են թեքվել»:

Այս տարի սուբվենցիոն ծրագրով շարունակվելու է շենքի հիմնանորոգումը, սեյսմիկ եզրակացությամբ միայն մուտքի հատվածն է վնասված՝ ասում է Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը.

«Շենքի դիմացի մասը երկրաշարժից հետո նստվածք է տվել, նախագծով նախատեսում ենք ուժեղացում: Սեյսմկությունը որոշել ենք, շենքը վթարային չէ, շատ լավ վիճակում է և միայն դիմացի աստիճանների հատվածում է նստվածքը»:

2023թ-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսել են վերանորոգել մշակույթի տան մեծ դահլիճը, իսկ փոքր դահլիճի վերանորոգումը սկսել են անցած տարվա վերջից: Աշխատանքները նախաձեռնել է  «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրամիության և համայնքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ: Մշակույթի տան տնօրեն Արմինե Մարգարյան.

«Փոքր դահլիճի վերանորոգումից հետո այն դառնալու է  «Գիտելիքի և վերապատրաստման կենտրոն», որն ավելի է աշխուժացնելու երիտասարդների մուտքը մշակույթի տուն, այսինքն՝ իրենք պետք է ներգրավվեն մշակութային կյանքին, որտեղ ստեղծվելու են բոլոր պայմանները»:

Սուբվենցիոն ծրագրերով  կառավարությունը  շարունակում է համաֆինանսավորել   մշակույթի տների հիմնանորոգման ծախսերը: Անցած տարի ապահովվել է Նոր Կեսարիա գյուղի մշակույթի տան ջեռուցումը:

Վարչական ղեկավար Հրայր Գալստյան. «Անցած տարի ջեռուցման համակարգ են անցկացրել մշակույթի տան դահլիճում, մարզադահլիճում և բուժամբուլատորիայում: Գազաֆիկացման նախագծա-նախահաշվային փատաթղթերը կազմման ընթացքում են, գազի գիծը մտնելու է մշակույթի տուն»:

Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համար ծախսվել է շուրջ 7 մլն դրամ: Մեծամոր համայնքի ղեկավարը հավաստիացնում է՝ 2025թ-ին չվերանորոգված մշակույթի տուն չեն ունենա: Համայնքը ներառում  է 30 գյուղ և Մեծամոր քաղաքը:

Back to top button