ԿարևորՀասարակություն

ԵՊՀ-ում դեկանատ չի լինի․ նոր ուստարին՝ կառուցվածքային նոր փոփոխությամբ

Ուսանողն իր ուզած տեղեկատվությունը ստանալու համար էլ դռնեդուռ չի ընկնի․ այսպես են պլանավորել դեկանատը ֆակուլտետային գրասենյակով փոխարինելու գաղափարի հեղինակները։ Նոր ուսումնական տարվանից ԵՊՀ-ում դեկանատներ այլևս չեն լինի, դրանց փոխարեն կգործեն ֆակուլտետային գրասենյակները։ Նորարարությունը՝ զարգացման հեռանկարով ԵՊՀ Զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն է նախագծել:

«Ես չէի ասի, որ նախկինում դեկանատները թերացել են, այլ տարբեր գործառույթներ տարբեր միավորներով ցրված են եղել, և օբյեկտիվ հաղորդակցական բարդություններ են շատ հաճախ ստեղծել, որովհետև մի բան մի տեղից պետք է իմանաս, մյուսը՝ մյուս տեղից և այլն։ Հիմա մենք փորձում ենք այնպես անել, որ մի տեղում ամեն ինչը հավաքվի, էդ մարդիկ էլ համախմբված կարողանան աշխատել, նաև իրար գործառույթներ փոխլարցնեն, որ ամեն ինչ լինի շատ ավելի արագ, հեշտ, օպերատիվ, հասնալի և այլն»։

Յուրաքանչյուր ֆակուլտետի գրասենյակ կունենա ուսանողների, դասախոսների քանակին ու պահանջներին համապատասխան ուսումնաօժանդակ աշխատակազմ։ Հաշվարկների հիման վրա կգնահատվի օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը և ըստ դրա կսահմանվի աշխատակիցների թիվը։ Գրասենյակի ղեկավարները ֆուկուլտետների փոխդեկաններն են լինելու։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանը կարծում  է, որ փոփոխությունը կրթական համակարգում նոր որակ կբերի․

«Հիմա յուրաքանչյուրն ունի պարտավորությունների իր նեղ շրջանակը, ու դա երբեմն խանգարում է, որովհետև եթե տվյալ աշխատակիցը այդտեղ չի, ուսանողը գալիս է, մնում անպատասխան։ Այս դեպքում արդեն բոլորը տեղյակ կլինեն կրթական բոլոր փոփոխություններին, կանոնակարգերին։ Դա բավականին կհեշտացնի դեկանատի աշխատանքը, կրթական պրոցեսի կազմակերպման ընթացքը»։

Անահիտ Մենեմշյանի խոսքով՝ երբեմն ողջ ծանրաբեռնվածությունը դեկանատի աշխատակիցների վրա է, իսկ, օրինակ, ամբիոնի լաբորանտները նույն ժամանակահատվածում կարող են անհամեմատ ազատ գրաֆիկով աշխատել․ ոչ թե աշխատելու ցանկություն չկա, այլ նրանց ուղղված հարցեր։ ԵՊՀ պրոռեկտորը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ վերապատրաստումները հենց այս խնդիրն են լուծելու․

«Մուտքային դասախոսությունը համալսարանի ընդհանուր բարեփոխումների տրամաբանությունը ներկայացնելն է և առհասարակ համալսարանի կառուցվածքի մասին խոսելն է։ Մենք ուզում ենք, որ էս մարդիկ ավելի լավ պատկերացնեն իրենց տեղը, դերը իրենց աշխատանքի նշանակալիությունը ընդհանուր համալսարական համատեքստում ինչքան բարձր է, որովհետև  շատ հաճախ ու ցավոք սրտի, երբ մարդիկ զբաղվում են վարչարարական ու տեխնիկական գործով, որը չափազանց կարևոր է, իրենք այնքան են այդ ամենօրյա աշխատանքով ծանրաբեռնվում, որ կորցնում են այդ ընդհանուր պատկերացումը, իսկ մեզ համար շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ ինչ նշանակի է իրենց աշխատանքը ընդհանուր կոնտեքստում»։

Դեկանատի աշխատակից Սաթեն Գրիգորյանը, ուսումնաօժանդակ աշխատանքով զբաղվող մյուս բոլոր մասնագետների պես, արդեն երկու շաբաթ է՝ վերապատրաստման դասընթաց է անցնում։ Այն արդյունավետ է համարում, ծրագիրը՝ ուսանողակենտրոնությունը փաստող և ամրապնդող կարևոր քայլ։ Սակայն խնդրահարույց կետեր ևս տեսնում է․

«Վերապատրաստման ընթացքում բավականին բարդ և խրթին թեմաներ են շոշափվում, որոնք դժվար են նույնիսկ այն աշխատակիցներին, որոնք երկար տարիներ աշխատել են, որովհետև մինչ օրս եղել են աշխատանքային բաժանումներ, յուրաքանչյուր բաժին զբաղվել է կոնկրետ իր գործով, իսկ հիմա յուրաքանչյուրը պետք է զբաղվի բոլորի գործով։ Կարճ ժամանակահատվածում, առանց գործնական դասընթացների, միայն լսելով այդ ամենը յուրացնելը բավական դժվար է»։

Վերապատրաստումներն անցնելուց հետո՝ հունիսին նախատեսվում է ատեստավորում։ Սրա արդյուքներն են որոշելու աշխատանքը շարունակող անձնակազմի ցանկը։ Միքայել Հովհաննիսյանն ասում է՝ շատ կրճատումներ չեն լինելու։ Փոխարենը կանխատեսում են աշխատակիցների աշխատավարձերի մոտ 50 տոկոս աճ։

Back to top button